Գալուստ Սահակյան. բիզնես ունենալու մասին երազողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան քաղաքական բեմահարթակում կան անձինք, որոնք իրենց ներկայությամբ զարդարում են ցանկացած գործընթաց` լինի դա բիզնես, քաղաքականություն, թե սովորական «քցոցի»: Ընդ որում, հետևելով նրանցից մի քանիսի կենսագրությանը` կարելի է նույնիսկ նախանձով լցվել. ի վերջո, ինչ էլ որ անեն հատուկ տաղանդով օժտված այդ եզակիները, ամեն բան ստացվում է ու ընկալվում հալած յուղի պես:

ՀՀԿ գրեթե ամենակարկառուն ներկայացուցիչ, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կենսագրությունը բավական հետաքրքիր է:

ԵՊՀ-ն ավարտելուց հետո նա բռնել է փականագործի, մանկավարժի ու դպրոցի տնօրենի ճանապարհն ու հասել այնտեղ, որտեղ բոլորս նրան տեսնում ենք վերջին երկու տասնամյակում` Ազգային ժողովում: Ընդ որում, նա այն եզակի քաղաքական գործիչներից է, որը պատգամավորի մանդատ ստացել է ՀՀԿ-ին անդամագրվելուց հետո և ոչ թե նրան «վերբովկա» են արել ընթացքում:

Գալուստ Գրիգորիչը բառիս բուն իմաստով քաղաքական գործիչ է: Նախ` նա ունի այսօրվա պաշտոնյանի համար կարևոր բաղադրիչը` բիզնեսներ, ունի կարևոր առանձնահատկություն` տեսել է նորանկախ Հայաստանի բոլոր երեք նախագահներին ու բացի նրանից, որ տեսել է, նաև աշխատել է նրանց հետ ու բարգավաճել նրանց նախագահության օրոք: Սակայն ամենակարևորը, ինչով օժտված է ԱԺ նախագահը, ճարտար լեզուն է, միշտ խոսում է: Խոսում ու մեկնաբանում է անդադար, քանի որ իր մոտ գործում է հետևյալ սկզբունքը` անգամ եթե թեմայի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չունի, կարևորը մտքեր արտահայտելն է:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականի բիզնես-ունեցվածքին, ապա ժամանակի ընթացքում Սահակյանների կլանի ունեցվածքը ոչ միայն ընդլայնվել է, այլև խոսակցությունների, երբեմն նաև` կրիմինալ բովանդակություն ունեցող մեղադրանքների առիթ է դարձել:

Այսպես, բոլորս էլ գիտենք, որ Գալուստ Գրիգորիչը «մարշրուտնու» գծերի զարգացման հարցում մեծ ներդրում ունի, քանի որ մայրաքաղաքում մի քանի գծերի տեր է, մասնավորապես` Աջափնյակում: Նույն այդ փաստը Գ. Սահակյանին օրերից մի օր կանգնեցրեց լուրջ մեղադրանքի առաջ:

Հիշեցնենք, որ նա միակը չէ, ով, պատգամավորի մանդատը մի ձեռքում պինդ պահելով, մյուսով նույն «խվատկայով» պահում է նաև մայրաքաղաքի «մարշրուտնու» բիզնեսը. ԱԺ պատգամավոր վաղամեռիկ Մելիք Գասպարյանը ևս նրանց թվում էր: Վերջինիս մահից հետո իսկական որս սկսվեց նրա բիզնեսների նկատմամբ, որոնք անցել էին նրա` դեռևս մանուկ որդուն: Իսկ մի օր էլ հանրությունը մամուլից տեղեկացավ, որ Գ. Գրիգորիչը ևս խառն է այդ մութ գործերում: Իհարկե, որևէ կերպ այդպես էլ չապացուցվեց, որ վթարից մահացած պատգամավորի գրասենյակից գողացված չհրկիզվող պահարանի ու հատկապես դրանում պահվող կոնկրետ մարշրուտնու բիզնեսին վերաբերող փաստաթղթերը հենց Գ. Սահակյանին էին պետք, քանի որ նա անձնական շահագրգռվածություն ուներ, բայց այդ մասին շշուկները դեռ երկար էին սևացնում Սահակյանների կլանի գլխավերևի երկինքը:

Երկար տարիներ Աջափնյակում բնակվելը այդպես էլ աջափնյակցիներին չհաշտեցրեց Սահակյանների ընտանիքի հետ. Արման Սահակյանը չկարողացավ թաղապետի պաշտոնը ձեռք գցել ու բավարարվեց ԱԺ պատգամավորի` կոնկրետ իր պարագայում անիմաստ մանդատով` այն ստանալով բացառապես հոր և ոչ պակաս հայտնի քեռու` պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) շնորհիվ (սեփական ունեցվածքն Արմանը, բնական է, չի զատում հայրականից եւ օրինաստեղծ գործունեությամբ կամ հայրական ճարտասանությամբ էլ աչքի չի ընկնում, այնպես որ մանդատը «հավայի» էր զբաղեցրել):

Սակայն 2008-ին աջափնյակցիների համբերության բաժակը, ինչպես ասում են, վերջնականապես լցվեց: Գ.Սահակյանի սեփական խանութի կառուցումն ամիսներ շարունակ կաթվածահար էր արել դեպի Յավորովի անվան միջնակարգ դպրոց տանող փողոցը, շինարարության աղմուկն ու փոշին խանգարում էին հարակից շենքերի բնակիչներին ապրել կյանքի նորմալ ռիթմով, իսկ երեխաներին` դաս անել: Մի խոսքով` Սահակյանների կարողությունը համալրած նոր ու ընդարձակ խանութի բացումը որևէ մեկի սրտով չէր:

Բացի այս, Գ.Սահակյանը դժգոհություն հարուցեց նրանով, որ դեպի ալգորիթմի ինստիտուտ տանող ճանապարհահատվածի սանդուղքները պարզապես լոկալացրեց այդտեղով գնացող-եկող այն բնակիչների համար, որոնք բնակվում են ինստիտուտի հետնամասում: Պարզապես Գ.Սահակյանի ընտանիքը մի եռահարկ շինություն կառուցեց հենց սանդուղքների վերևի հարթակում, ցանկապատեց այդ տարածքը` բնակիչներին թողնելով քարուքանդ եղած ավտոմեքենայի ճանապարհը, իսկ բուն շինարարությունը սառեցվեց: Արդյունքում` այսօր էլ` շինարարության մեկնարկից 3 տարի անց, շենքի միայն պատերն են կանգուն, սակայն աջափնյակցիները շարունակում են տեղաշարժվել` շրջանցելով «Գալուստի տունը»:

Եվ չնայած այն բանին, որ բոլորը գիտեն նրա բազմաթիվ խանութների, «մարշրուտնու» գծերի և այլնի մասին, Գ. Սահակյանը պարբերաբար պնդում է, որ բիզնես չունի, քանի որ դրանում ինքն իրեն անպիտան է համարում, եւ պարզվում է` նա «երազում է բիզնես ունենալ»: Ավելին, «երազում է, որ ամբողջ ժողովուրդն էլ բիզնես ունենա, որ կարողանա զբաղվել»:




Լրահոս