«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, տարօրինակ ակտիվությամբ, անմիջապես ձեռնամուխ եղավ երկրի թե՛ արտաքին, եւ թե՛ ներքին քաղաքական դաշտերում ընթացող գործընթացներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել, հանդես գալ հրապարակային մեկնաբանություններով՝ «ստվերում» թողնելով անգամ ՀՀԿ խոսնակին:
Երեկ էլ ի պատասխան լրագրողների հարցին, թե արդյոք ծանոթացել է Տեր-Պետրոսյանի՝ կառավարության հասցեին հնչեցրած քննադատությանը, Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասել է. «Ժողովուրդը նման դեպքերում ասում է` աղվեսն իր պոչն է վկա բերում: Թալանի նախահայրը ամենուր թալան է փնտրում: Այսքանը»: Բայց այսքանով հանդերձ, պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանը բավականին ինքնավստահ է ընդդիմության հետ շփումներում:
Մասնավորապես, Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին անցնելու վերաբերյալ օրենքի քննարկման ժամանակ (այս տարվա ապրիլի 25-ին), երբ վերջինս անսպասելիորեն հայտնվել էր ԱԺ-ում ու մասնակցել Քառյակի նիստին, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Աբրահամյանն ուղիղ տեսքով Քառյակի անդամներին ասել է. «Ինչ պաշտոն ուզում եք, հենց հիմա պատրաստ եմ նշանակելու: Դուք մենակ ասեք: Պատրաստ եմ գնալ, Սերժ Սարգսյանի հետ էլ խոսել, ու ցանկացած պաշտոնում նշանակեմ»: Առայժմ ցանկալի արձագանքներ չկան, հետեւաբար անհայտ է, թե ինչ ճակատագիր է սպասվում Հ. Աբրահամյանին»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: