Ովքեր և ինչ գնով են վճարում իշխանությունների վատ քաղաքականության համար. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Ովքեր և ինչ գնով են վճարում իշխանությունների վատ, անարդյունավետ, ձախողված քաղաքականության համար: Տնտեսական, սոցիալական, հարակից այլ ոլորտներում կան այդ հարցին պատասխանող համապատասխան ցուցանիշներ՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ծավալ, նվազագույն աշխատավարձ, նվազագույն սպառողական զամբյուղ և այլն:
Այսինքն՝ վատ տնտեսական քաղաքականության համար քաղաքացիները վճարում են ցածր մակարդակի կենսապայմաններով՝ ցածր աշխատավարձով, պակաս որակյալ առողջապահական, կրթական ծառայություններով, և այլն: Արտաքին քաղաքականության ոլորտում ձախողումների գնահատման ուղղակի ցուցանիշներ չկան: Նույնիսկ պատեհ չի հնչում, սակայն, դժբախտաբար, գոնե պատերազմական-կիսապատերազմական երկրներում այդ ցուցանիշի դերը կատարում են երիտասարդ զինվորները, ցավոք, իրենց կյանքով:

Եթե իշխանությունը չի կարողանում հասնել խաղաղության, դա հարցի մի կողմն է, որը կարող է բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ ունենալ: Սակայն, երբ իշխանությունը երկրի վարկը, հեղինակությունը հասցնում է այն աստիճանի, որ նրա զինվորին սպանելը համարվում է գրեթե սովորական երևույթ, այդ դեպքում գործ ունենք իշխանության քաղաքականության տապալման համար երիտասարդների կյանքով վճարելու ողբերգական իրողության հետ:

Ադրբեջանը կրակում է ոչ միայն ու ոչ այնքան այն պատճառով, որ հայկական կողմից պատասխան չի ստանում (որպես կանոն՝ ստանում է և արժանի), այլ՝ որովհետև չի ստանում, առաջին հերթին, քաղաքական գնահատական ու պատասխան այն երկրների ու այն կառույցների կողմից, որոնք գոնե իրենց հռչակագրային նպատակներում երիտասարդների մահը կանխելու ու դատապարտելու պարտավորություն ունեն: Չի ստանում Ադրբեջանն այդ գնահատականը, որովհետև այդ գնահատականը տվողներից մեկից՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանից ստանում է զենք: Նաև այդ զենքով սպանում է հայ զինվորին, ինչին ի պատասխան՝ հայկական կողմից լսում է բարբաջանքներ այն մասին, որ դա ռուսների բիզնեսն է, ինչին պետք է ըմբռնումով մոտենալ: Այսինքն՝ ըմբռնումով մոտենալ նաև հայ զինվորների սպանություններին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս