ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐ Է ՍՏՈՒԳՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացնում Արմավիրի մարզի որոշ համայնքներում: Ի դեպ, ստուգումներն անցկացվում են այն համայնքներում, որոնք պետությունից զգալի չափերի դոտացիա են ստացել: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՎՊ մամլո խոսնակ Լենա Մկրտչյանին, ով հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով. «Ստուգումներն իրականացվում են Վերահսկիչ պալատի ծրագրերին համապատասխան: Այսինքն՝ ՀՀ Ազգային Ժողովի կողմից այն հաստատված է»: Ըստ ծրագրի՝ Արմավիրի մարզի համայնքներում ստուգվելու են բյուջետային միջոցների օգտագործումը, բյուջետային մուտքերի ապահովումը եւ համայնքային սեփականության կառավարումը եւ օգտագործումը:

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԻ ԿՏՐՎՈՒՄ

Արդեն մեկ ամսից ավելի է, որ առողջապահության նախարար նշանակվեց Արմեն Մուրադյանը, եւ «Ժողովուրդ»-ը դեռ այն ժամանակ հրապարակել էր, որ նախկին նախարար Դերենիկ Դումանյանն այնքան տխուր էր հեռացել նախարարությունից, որ անգամ ցտեսություն չէր ասել: Սակայն, ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ»-ին, Դերենիկ Դումանյանը ոչ մի կերպ չի կարողանում կտրվել իր նախկին պաշտոնից: Մեզ, Առողջապահության նախարարության աշխատակիցներից հայտնի դարձավ, որ նախարարը պաշտոնանկությունից հետո գրեթե ամեն օր նախարարությունում է, իսկ թե ինչ պատճառով, չկարողացան մանրամասնել:

ԼԱՐՍԸ ԹԱՐՍԻ ՆՄԱՆ ՓԱԿՎԵՑ

Ինչպես արդեն հայտնի է, Վերին Լարսի անցակետը մայիսի 17-ին տեղի ունեցած փլուզման հետեւանքով փակ է: Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, Վրաստանի փրկարարները պետք է Դարյալի կիրճում մաքրեն մոտ 1 միլիոն խորանարդ մետր ցեխ: Այդ պատճառով մոտավորապես 1-1,5 ամիս ռուս-վրացական սահմանին ընկած Վերին Լարս անցակետը փակ կլինի: Armlur.am-ը Տրանսպորտի եւ կապի նախարարությունից փորձեց պարզաբանում ստանալ, թե արդյոք Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեխնիկապես կամ մարդկային ռեսուրսներ տրամադրելու տեսանկյունից աջակցում է վրացական կողմին անցակետի մաքրման աշխատանքներում: Ի պատասխան՝ Տրանսպորտի եւ կապի նախարարութունից հայտնեցին, որ վրացական կողմը տեխնիկական եւ մարդկային ռեսուրսներ աջակցելու խնդրանքով տրանսպորտի նախարարություն չի դիմել: Բայց, միաժամանակ, նախարարությանը մտահոգում է ստեղծված իրավիճակը եւ սերտ կապի մեջ է վրացական կողմի հետ: Նախարարության տվյալներով` մայիսի 27-ի դրությամբ տրամադրված տեղեկությունների համաձայն` ճանապարհի փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներում ներգրավված է մոտ 40 միավոր, աշխատանքներն ընթանում են նաեւ գիշերային ժամերին:




Լրահոս