ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն, անդրադառնալով ներկայիս ոստիկանապետի հետ իր հարաբերություններին, օրերս ասել էր, որ ինքն ու Վլադիրմիր Գասպարյանը չեն շփվում: Երեկ, ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ ինքն ու Ալիկ Սարգսյանը չեն շփվում, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ասել է. «Ինքը հիմա շատ ազատ ժամանակ ունի, իսկ ես շատ զբաղված եմ»: Ինչ վերաբերում է իր հրաժարականի մասին տարածված լուրերին, Գասպարյանն ասել է. «Գիտեք ինչ կա, դմբո բաները որ գցում են շրջանառության մեջ… խորհուրդ եմ տալիս չհետեւել այդ դմբոյությանը»:
ԱԿԱՆՋՕՂԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի գնահատմամբ՝ Հայաստանը Եվրոպայից միայն վատ բաներն է սովորում, եւ պետք է միասնական լինի Ռուսաստանի հետ։ Գեներալ-պատգամավորը որպես նման «վատ բանի» օրինակ` news.am-ին մատնանշել է. «Գնա Երեւան ֆռա, կտենաս՝ տղամարդիկ արդեն ականջօղ են կախում, այ էդ ա»: Գեներալի կարծիքով՝ հայ տղամարդը պետք է լինի ոչ թե ականջօղով, այլ «ղայդին»՝ իր նման:
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՄԵՐԺՎԵՑ
ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է: Մ. Մարտիրոսյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը Armlur.am-ին հայտնել է, որ վերադաս դատարանն ուժի մեջ է թողել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշումը, որով բավարարվել է հեռախոսային խոսակցությունների, մերձավոր ազգականների, այդ թվում՝ դպրոցական երեխաների հետ, զանգվածային լրատվամիջոցների եւ այլ անձանց հետ Մ.Մարտիրոսյանի տեսակցությունները սահմանափակելու մասին քննիչի որոշման դեմ Մարտիրոսյանի պաշտպաններ Սեդա Սաֆարյանի ու Վարդան Զուռնաչյանի բողոքը։ Պաշտպանը հայտնեց, որ Մարտիրոսյանին արգելվել էր հեռախոսային խոսակցություն ունենալ հարազատների հետ, սահմանափակվել էին նաեւ տեսակցությունները:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Սարդարապատի հուշահամալիրում հայտարարել է, որ Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն գործողությունը եղել է հակառակորդի կողմից, սակայն հայկական կողմը համարժեք պատասխան է տվել։ «Սովորաբար այսպիսի ժամանակահատվածում հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը, այսօր Ադրբեջանում էլ է տոն, եւ սրա հետ է կապված այս դիվերսիան։ Ցավոք, մենք էլ ենք ունեցել մեկ զոհ եւ վիրավորներ։ Վիրավորների վիճակը բավարար է»,- նշել է նախարարը: