Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը, կարելի է ասել, ավելացավ երկրաչափական պրոգրեսիայով: Եթե 2007թ. տարեվերջի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը 1 մլրդ 448 մլն 905 հազար ԱՄՆ դոլար էր, ապա 2013թ. տարեվերջին այն ավելացավ 2.6 անգամ՝ դառնալով 3մլրդ 903 մլն 751 հազար ԱՄՆ դոլար:
Նկատենք, որ հիմնականում իշխանություններն այս վարկերը վերցրել են թվացյալ կայունություն պահպանելու եւ փլուզումները կանխելու, եւ այդ ձեւ հասարակական դժգոհությունները մեղմելու համար: Մինչդեռ, վարկային միջոցներն առաջին հերթին վերցնում են զարգացման ծրագրեր իրականացնելու նպատակով: Ակնհայտ է՝ Հայաստանը «լավ օրից չէ», որ կուտակել է այսքան պարտք: Սա նման է մի իրավիճակի, երբ ընտանիքը, չկարողանալով հոգալ իր ծախսերը, ստիպված սկսում է ուրիշներից պարտքեր անել, եւ հինը դեռ չվճարած, ամեն անգամ նորն է վերցնում՝ այդպես տարեցտարի ավելացնելով իր՝ առանց այն էլ ծանր բեռը:
Իսկ ինչպե՞ս է կուտակվել այդ հսկայական պարտքը: Ի դեպ, սկզբնական շրջանում իշխանություններն իրենք էլ են զգացել արտաքին պարտքի կուտակման վտանգը: ՀՀ ֆինանսների նախարարության՝ 2009թ. գործունեության տարեկան հաշվետվության մեջ հանդիպում ենք հետեւյալ ձեւակերպմանը. «2009թ. արդյունքներով կվատթարանա ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցության ցուցանիշը: Այն կկազմի ՀՆԱ-ի մոտ 36 տոկոսը` 2008թ. 13.2 տոկոսի դիմաց»: Ասել է թե՝ արդեն 2009թ. սկսած նկատվում է արտաքին պարտքի լուրջ աճ: Մանավանդ որ 2009թ. Հայաստանը ստացել է ամենամեծ վարկը՝ 1.065մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար: «Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված պետական վարկը` 500.0 մլն ԱՄՆ դոլար կամ 185.1 մլրդ դրամ, Արժույթի Միջազգային Հիմնադրամի կողմից տրամադրված Stand-By Arrangement-ի 2009թ. մասնաբաժինը` 158.1 մլն ԱՄՆ դոլար, կամ 57.4 մլրդ դրամ, Զարգացման Միջազգային Ընկերակցության կողմից տրամադրված Զարգացման քաղաքականության գործողությունների վարկը` 64.4 մլն ԱՄՆ դոլար, կամ 24.8 մլրդ դրամ, Ասիական Զարգացման Բանկի կողմից տրամադրված Ճգնաժամի հաղթահարման աջակցության վարկը` 81.4 մլն ԱՄՆ դոլար, կամ 31.4 մլրդ դրամ»,- տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության հաշվետվությունից: Նշենք, որ 2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարին էր, եւ իշխանություններն ավելի քան 1մլրդ դոլար պարտք վերցնելով, ըստ էության փորձեցին նվազագույնի հասցնել ճգնաժամի հետեւանքները: Մինչդեռ, երբ սկսել էին նկատվել ճգնաժամի նախանշանները, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլորին համոզում էր՝ «ճգնաժամը կշրջանցի Հայաստանը»: Այլ կերպ ասած, իշխանությունները սկզբում ոչինչ չարեցին սպասվող ճգնաժամին դիմագրավելու համար, եւ երբ պարզվեց, որ այն մտադիր չէ շրջանցելու Հայաստանը, սկսեցին արագ-արագ հսկայական պարտքեր անել: Մասնագետների պնդմամբ, եթե ժամանակին իշխանությունները նախապատրաստական քայլեր անեին, ապա ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար ավելի քիչ միջոցներ կպահանջվեին:
2010թ. Հայաստանի արտաքին պարտքը ավելացավ շուրջ 287 մլն ԱՄՆ դոլարով, որից 193 մլն ԱՄՆ դոլարը նպատակային վարկային ծրագրերի համար էր, իսկ 94մլն դոլարը՝ բյուջետային աջակցության վարկեր էին: Հաջորդ տարի ՀՀ պետական պարտքն ավելացավ եւս 238.3 մլն ԱՄՆ դոլարով. այդ գումարից 118.1 մլն-ը նպատակային վարկային ծրագրերն էին, 120.2 մլն դոլարը՝ բյուջետային աջակցության վարկերը: 2012թ. ընթացքում Հայաստանը վերցրել է շուրջ 295.1 մլն ԱՄՆ դոլարի վարկ, որից նպատակային վարկային ծրագրերը կազմել են 121.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ բյուջետային աջակցության վարկերը` 173.7 մլն ԱՄՆ դոլար: Եվ վերջապես, նախորդ տարի ՀՀ-ն վերցրել է 223.3 մլն ԱՄՆ դոլար վարկ, որից նպատակային վարկային ծրագրերի համար 141.3 մլն դոլար, բյուջետային աջակցության վարկեր` 82 մլն ԱՄՆ դոլար:
Թե ինչպես են ծախսվել օտարերկրյա վարկերը, ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունների մեջ բավականին լայն անդրադարձ կա այդ թեմային: Խոսքը հատկապես նախարարությունների ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ-երի) միջոցով մասնավորապես վարկային ծրագրերի իրականացմանն է վերաբերում, եւ այս առումով, ՎՊ 2012թ. տարեկան հաշվետվությունը լի էր զանազան փաստերով: Իսկ առավել մեծ վարկային միջոցների օգտագործման արդյունավետությունը ստուգելիս անգամ ՎՊ-ն է կանգնել պատի առաջ` 2010թ. տարեկան հաշվետվության մեջ արձանագրված է. «Շուրջ 140 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ արտաքին պետական վերահսկողության դաշտից դուրս են մնացել, քանի որ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանափակվում են ՀՀ ՎՊ գործառույթները: ՀՀ ՎՊ-ն համանման խնդրի առջեւ է կանգնել Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ կառավարությանը տրամադրած 176.946 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցների նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս: Արդյունքում վերոնշյալ վարկային միջոցները արտաքին պետական վերահսկողության դաշտից դուրս են մնում»:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ