Երեկ՝ ժամը 14:30-ի սահմաններում, armlur.am-ի լրագրողները «Մոսկվիչկա» սուպերմարկետից գնել են սննդամթերք՝ կոնկրետ բրնձով փլավ, որի մեջ եղել է ապակու կտոր:
Կտրոնը, փլավի տարան եւ ապակին վերցրած մեր աշխատակիցները ժամը 16:00-ի սահմաններում գնացել են սուպերմարկետ՝ պարզելու, թե ինչու են վաճառում սննդամթերք, որտեղ առկա են մարդու առողջության համար վտանգավոր «բաղադրիչներ»: Բնականաբար, վաճառողների, տնօրենի եւ մյուս աշխատակիցների հետ ողջ զրույցը լրագրողները ձայնագրել են՝ հետագայում ապացուցողական բազա ունենալու համար: Տնօրինությունը ընդունել է, որ հնարավոր է նման բան եղած լինի, ինչի համար ներողություն է խնդրել: Ու երբ լրագրողները ցանկացել են դուրս գալ սուպերմարկետից, անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել՝ ասելով, թե իրավունք չունեք նկարահանում կատարել սուպերմարկետի տարածքում. «Ջնջեք, նոր դուրս եկեք, եթե ոչ՝ չշարժվեք, սպասեք»: Այդ ընթացքում կրկին armlur.am-ի լրագրողներին է մոտեցել սուպերմարկետի տնօրենը եւ նեղսրտել, թե ինչու եք ձայնագրել. «Դա իմ իրավունքների ոտնահարում է: Մինչեւ չջնջեք, այստեղից դուրս չեք գալու: Ես հենց հիմա կկանչեմ իմ իրավաբանին»: Armlur.am-ի լրագրողները հրաժարվել են ջնջել ձայնագրությունները եւ սպասել են՝ մինչեւ իրավաբանը գա: Նրանց ուղեկցել են նկուղային հարկում գտնվող տնօրենի աշխատասենյակ, որտեղ սկսել են ելումուտ անել մի քանի տղաներ՝ արտաքնապես թիկնապահի նմանությամբ:
Այդ ընթացքում մեր աշխատակիցները 2 անգամ զանգահարեցին խմբագրություն եւ հայտնեցին, որ իրենց արգելում են դուրս գալ սուպերմարկետի տարածքից՝ պարտադրելով ջնջել ձայնագրությունը: 25 րոպե անց armlur.am-ը ստիպված եղավ երկրորդ նկարահանման խմբին ուղարկել սուպերմարկետ՝ լրագրողներին նկուղից դուրս բերելու համար: Լրագրողները բարեհաջող վերադարձան խմբագրություն. նրանց նկատմամբ բռնություն չէր գործադրվել: Շատ չանցած «Մոսկվիչկա»-ի տնօրինությունը եկավ armlur.am-ի խմբագրություն, պարզաբանվեց կատարվածը, բացատրեցին, որ միտում չեն ունեցել լրագրողների աշխատանքը խոչընդոտել: Ավելին՝ ամենաբարձր մակարդակով սուպերմարկետի տնօրինությունը ներողություն խնդրեց թիկնապահների եւ աշխատակիցների ոչ կոռեկտ պահվածքի համար:
Armlur.am-ի եւ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը որոշեց քրիստոնեաբար ներել նրանց՝ միաժամանակ հայտնելով, որ լրագրողների նկատմամբ ոչ կոռեկտ վերաբերմունքը մշտապես դատապարտելի է: Ի դեպ, մեր լրագրողները այդպես էլ չեն ջնջել ձայնագրությունը:
Armlur.am-ի եւ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն