ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԺԱՄԿԵՏԱՆՑ ՁԻԹԱՊՏՈՒՂՆԵ՞Ր

Կառավարությունն իր այսօրվա նիստում «Նիկոլա Ինթերնեյշնլ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 25-ը երկարաձգելու որոշում է կայացնելու: Որպես որոշման պատճառ նշվում է, որ ընկերությունը 2013թ. պայմանագիր է կնքել հունական «Europa Olives» LTD ընկերության հետ եւ «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով ՀՀ տարածք է ներմուծել 55200 կգ նետտո եւ 57600 կգ բրուտտո քաշով չվերամշակված ձիթապտուղ: Նշված արտադրանքը պետք է 1 տարվա ընթացքում վերաարտահանվեր: Ըստ ընկերության պարզաբանման՝ արտադրանքը հնարավոր չի եղել արտահանել սահմանված ժամկետում` վերջին տարիների համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով: Սակայն այս ձեւակերպումը խիստ անհասկանալի է, քանի որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը սկսվեց 2008-ից, ինչը նշանակում է, որ ձիթապտուղը 6 տարվա վաղեմություն կարող է ունենալ: Ամեն դեպքում, այս սննդատեսակի պիտանելիության ժամկետը հաշվվում է մոտ 6 ամիս, իսկ տվյալ դեպքում՝ երկարաձգվում հենց այդքան ժամանակով: Այսուհանդերձ, անհասկանալի է, թե ինչու է հունական եւ եգիպտական ձիթապտուղ ներկրվել Հայաստան, ինչ պայմաններում եւ որտեղ է այն պահպանվել, եւ որ ամենակարեւորն է, ինչու է այսքան ուշ արտահանվում Վրաստան կամ Ռուսաստան (արտադրանքը հիմնականում այս երկրներ է արտահանվում): Նշվում է, որ ՀՀ կառավարության որոշումը` 6 ամսով երկարաձգելու մաքսային ռեժիմի ժամկետը, կստեղծի հնարավորություն վերամշակման աշխատանքները ավարտելու եւ արտադրանքը արտահանելու համար, ինչը հնարավորություն կտա նաեւ բարելավել գործարար միջավայրը եւ պահպանել աշխատատեղերը:

ԺԱՄԿԵՏ ՉԻ ՆՇՎՈՒՄ

Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ Վրաստանի տարածքում գտնվող Վերին Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ: Ղազարյանի խոսքով` գործարարները դեռ սպասողական վիճակում են: Նրանց մեծ մասը իրենց բեռները տեղափոխելու համար սպասում է անցակետի բացմանը: Քիչ թվով գործարարներ են, որ օգտվում են Նովոռոսիյսկ-Փոթի երթուղիով: Ղազարյանի կարծիքով՝ վրացական կողմը հստակ որեւէ ժամկետ չի նշում անցակետի բացման համար: «Միայն ասում են՝ շատ շուտով: Դրա համար էլ գործարարները սպասում են: Եթե, Աստված չարասցե», հասկանանք եւ համոզվենք, որ անցակետը փակ է մնալու 1-2 ամիս, կօգտվենք այն ճանապարհից, որը եղել է ժամանակին: Խոսքը վերաբերում է Նովոռոսիյսկ-Փոթի, Փոթի-Նովոռոսիյսկ երթուղուն»,-եզրափակեց Ղազարյանը: Հիշեցնենք, որ մայիսի 17-ից Վրաստանի տարածքում գրանցված փլուզման պատճառով փակ է Վերին Լարսի անցակետը:




Լրահոս