«Զարթոնք» համերգային ընկերությունը մայիսի 27-ին կազմակերպել էր հուշ- երեկո` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, ասմունքի վարպետ Վլադիմիր Աբաջյանի հիշատակին:
Հուշ-երեկոյի ընթացքում ելույթ ունեցան ասմունքի ասպարեզի անվանի ու լավագույն ներկայացուցիչներ: Նրանք կարդացին այնպիսի բանաստեղծություններ, որոնք տարիներ շարունակ հայ արվեստասեր հանրության համար ընթերցել է ասմունքի մեծ վարպետը: Երեկոյի ընթացքում հնչեցին նաեւ ազգային-ժողովրդական սիրված երգեր: «Զարթոնք» համերգային ընկերության ղեկավար Անդրանիկ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Վլադիմիր Աբաջյանը 22 տարի շարունակ եղել է «Զարթոնք»-ի կողքին. «Վլադիմիր Աբաջյանն ինձ համար ե՛ւ մտերիմ ընկեր էր, ե՛ւ գործընկեր: Նա «Զարթոնք»-ին բերեց փառք, պատիվ ու փայլ»,-անկեղծացավ «Զարթոնք» համերգային ընկերության ղեկավարը:
Անդրանիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ, հավանաբար, մինչեւ այս տարվա վերջ կստեղծվի Վլադիմիր Աբաջյանի անվան խոսքարվեստի դպրոց: «Գաղափարը «Զարթոնք» համերգային ընկերությանն է, իսկ ավելի կոնկրետ՝ իմը»,- ասաց համերգային ընկերության ղեկավարը` հավելելով, որ Վլադիմիր Աբաջյանի անունով ոչ միայն պետք է խոսքարվեստի դպրոց ստեղծել, այլեւ ցանկալի է` փողոց անվանակոչել:
Աբաջյանի անունով ստեղծվելիք խոսքարվեստի դպրոցի նպատակն է մատաղ սերնդին փոխանցել գեղեցիկ խոսելու, արտահայտվելու, մայրենի լեզվին լավագույնս տիրապետելու գաղտնիքները: «Ամենակարեւորն այն է, որ խոսքարվեստի դպրոցը չի լինելու ասմունքի խմբակ, այլ կրթական լուրջ հաստատություն»,-ընդգծեց մեր զրուցակիցը` հավելելով, որ դպրոցում դասավանդելու են պրոֆեսիոնալ մասնագետներ:
Նշենք, որ «Զարթոնք» համերգային ընկերությունը տարիներ շարունակ հայ հանրությանն է ներկայացրել մեր լավագույն ու արդեն դասական դարձած բանաստեղծների գործերը, որոնք հաճույքով ունկնդրում են թե՛ ավագ, թե՛ մատաղ սերնդի ներկայացուցիչները:
Անդրանիկ Մանուկյանը «Զարթոնք» գրական ընկերության գործունեությունն ու լեփ-լեցուն դահլիճները մատնացույց անելով` ուրախությամբ նշում է, որ չնայած երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին, հայ հասարակությունը շարունակում է ապրել ու շնչել արվեստով: Միակ խնդիրը, որը մտահոգում է «Զարթոնք»-ի ղեկավարին, ասմունքի ասպարեզում սերնդափոխության խնդիրն է, երիտասարդ ասմունքողներ քիչ ունենք: «Սարգիս Նաջարյանի հետ որոշել ենք այս տարի անցկացնել Վլադիմիր Աբաջյանի անվան փառատոն: Դրա շնորհիվ կբացահայտենք նոր երիտասարդ անուններ»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Ասել, թե երիտասարդները չեն ցանկանում շարունակել ասմունքի վարպետների գործը, քանի որ այն եկամտաբեր չէ, ըստ մեր զրուցակցի` ճիշտ չէ, պարզապես պետք է ավելի շատ խոսել ասմունքի արվեստի մասին ու պրոպագանդել. «Էստրադայի շուկայում է միայն, որ մտածում են` երգենք, որ հարստանանք, որ բենթլի քշենք: Ասմունքի ասպարեզի գործիչները նման մտայնությամբ չեն առաջնորդվում»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ