ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՆԱՑԻՆՔ ԱՍՏԱՆԱ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով երեկվա նիստում, Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները` Սերժ Սարգսյանը եւ Էդվարդ Նալբանդյանը, հերթական ամոթալի ձախողումը գրանցեցին: Նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարեց, թե կա իրենց համար ոչ այնքան հաճելի մի հարց, որը, սակայն, կարելի է հետո լուծել: Ու, դիմելով Սերժ Սարգսյանին, ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից նամակ են ստացել, ըստ որի՝ «Հայաստանն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցել է վերապահումով՝ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի այն տարածքների վրա, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմանների շրջանակներում են, ինչպես ԱՀԿ-ում է»: Այլ կերպ ասած, Հայաստանը Եվրասիական միությանը պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Արցախի: «Դուք նման ձեւով միացել եք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, նախադեպ կա»,- Սերժ Սարգսյանին ասել է Ղազախստանի նախագահը եւ հավելել, թե Եվրասիական միության հիմնադիր երկրների նախագահները չեն ուզում նյարդայնացնել ադրբեջանցի իրենց գործընկերոջը: Հիշեցնենք, որ ՀՀ-ն ԱՀԿ-ին անդամակցել է 2003թ. փետրվարի 5-ին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք:
Ի դեպ, երեկ Սերժ Սարգսյանն այս վտանգավոր հայտարարությանը պատասխանելու փոխարեն, ըստ էության, ժամանակ խնդրեց մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 15-ը:

 

Մայիսի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ էր հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ Հանրապետության օրվա առթիվ: Արդյո՞ք դիվանագիտական էթիկան չի պահանջում, որ նման դեպքերում պետք է պահպանել հավասարությունը եւ ՀՀ-ին եւս շնորհավորել Հանրապետության օրվա առթիվ, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանն ասաց. «Շնորհավորանք կար, թե չէ, դրանից պետք չէ եզրակացություն անել, որ ռազմավարական գործընկեր չէ»: Ռուսամետությամբ հայտնի պատգամավոր Արտաշես Գեղամյանն էլ, ի պատասխան հարցին, թե այս իրավիճակը չի խոսում ՀՀ ձախողված արտաքին քաղաքականության մասին, նշեց. «Ընդհակառակը՝ փայլուն արտաքին քաղաքականություն է»: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ արդարացրեց Պուտինին՝ ասելով, թե ՌԴ նախագահը շնորհավորում է պետությունների անկախության օրը, այդ իսկ պատճառով նախօրեին նա շնորհավորել է Ադրբեջանին: Մեր զրուցակիցը նշեց, որ ՀՀ-ի անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, Վ. Պուտինը շնորհավորել է:

 

Մարտ ամսին տեղեկություններ տարածվեցին, որ ծեծի է ենթարկվել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկը: Նրան ծեծի էին ենթարկել քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ, եւ Երրորդմասցի Լյովիկը: Ու այս միջադեպից հետո հայրենի քրեական աշխարհը բաժանվել է երկու մասի: Մի մասը պաշտպանում է Երրորդմասցի Լյուվիկին, մի մասն էլ՝ Օշականցի Գեւորիկին: Ավելին՝ հակամարտող խմբավորումներին սկսել են «տանիք լինել» քաղաքական դաշտի ներկայացուցիչները: Մասնավորապես, քրեական աշխարհից եղած արտահոսքի հետեւանքով, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով, այս իրավիճակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աջակցում է Երրրոդմասցի Լյովիկին եւ ամեն ինչ անում, որ նա Հայաստանում կարգվի թիվ մեկ քրեական հեղինակություն, մինչդեռ Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն էլ ամեն ինչ անում է Օշականցի Գեւորիկին սատարելու համար եւ պահանջում ներողություն խնդրել նրանից:

 

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը երեկ տուգանել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիշա Մարգարյանին (Բելաջիոյի Գրիշ): Բանն այն է, որ պատգամավորը մեքենան վարել է առանց ամրագոտու: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու է պատգամավորն արհամարհում իր իսկ կողմից ընդունած օրենքը, Մարգարյանը պատասխանեց. «Մենք էլ ենք մահկանացուներ ու մենք էլ ենք ի վիճակի մեկ-մեկ խախտումներ անել, ի՞նչ խնդիր կա, որ: Ես ընդհանրապես օրենքը չեմ խախտում, պարզապես այդտեղ վթար էր տեղի ունեցել, ծանոթ մարդիկ էին, ես իջել էի, նստեցի մեքենան, շարժվեցի: Այդ պահին է եղել, ես անգամ պատուհանս չէի փակել, չէի հասցրել ամրագոտիս կապել: Այնպես չէ, որ ես հատուկ ամրագոտին չեմ գցել»,-հայտարարեց պատգամավորը: Մեր զրուցակիցը վստահեցրեց. «Ես օրենքը պահող եմ: Բոլորն են օրենքի առաջ պատասխանատու: Ինձ տուգանել են, նորմալ է: Բոլորս օրենքի առաջ հավասար ենք»:

 




Լրահոս