ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՈՎԱԼԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չհերքեց, որ ինքն առաջիկայում նշանակվելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը: «Բայց ինչու եք զարմացել»,-նման կերպ պատասխանեց նախկին մարզպետը մեր հարցին, թե ճիշտ են այն տեղեկությունները, որ իրեն նշանակելու են վարչապետի խորհրդական: «Դե, ՀՀ կառավարությունն իր պաշտոնական կայքում կդնի՝ կտեսնեք, էլի»,-հայտարարեց Կ. Շահգալդյանը: «Եթե կնշանակեն այդ պաշտոնին, կգամ, կաշխատեմ»,-վերջում ասաց մեր զրուցակիցը: Իսկ մեր հարցին, թե ինչ խորհուրդներ է պատրաստվում տալ ՀՀ վարչապետին, հարցը վրդովվեցրեց նախկին մարզպետին, ով ասաց, թե սադրող հարցերի ինքը չի պատասխանում:

ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԸ

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները շարունակում են մնալ սպասողական ու լարված վիճակում: Իսկ երեկվա ազատումն էլ ավելի սրեց նրանց դրությունը: Նշենք, որ երեկ ՀՀ կառավարության նիստում Կարեն Թամազյանն ազատվեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Հիմա իշխանական կուլիսներում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ այս պաշտոնին նշանակվելու է Շենգավիթի հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանը, ով նախկինում զբաղեցնում էր խոշոր հարկ վճարողների տեսչության պետի պաշտոնը:

«ՄՈՍԿՎԻՉԿԱ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԵՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում պլանային ստուգումներ է անցկացնում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանից. «Ստուգումները պլանային են. ստուգվելու են սանիտարահիգիենիկ պայմանները, ապրանքատեսակների մակնշումը, ժամկետայնությունը եւ այլն»: Հիշեցնենք, որ մայիսի 28-ին armlur.am-ի լրագրողները «Մոսկվիչկա» սուպերմարկետից գնել էին սննդամթերք՝ կոնկրետ ուզբեկական փլավ, որի մեջ եղել էր ապակու կտոր: Ճիշտ է, այս ստուգումներն ամենեւին էլ կապ չունեն ուզբեկական փլավի հետ, բայց, այնուամենայնիվ, ՍԱՊԾ տեսուչները ստուգումների ընթացքում հաշվի կառնեն այս դեպքը:

ՄԻՀՐԱՆԻ BYD-ՆԵՐԸ

ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը շարունակում է ՀՀ պետբյուջեն ծառայեցնել իր հիմնադրած «Քեթրին գրուպ» ընկերությանը հարստացնելու գործին: Բանն այն է, որ այս ընկերությունը ճապոնական BYD մեքենաների ներկրողն ու պաշտոնական ներկայացուցիչն է, իսկ ԴԱՀԿ-ում շատ են հենց այս մեքենաները: Այս տարվա մայիսին ստորագրված պայմանագրով, «Քեթրին գրուպ»-ին է փոխանցվել 1 մլն դրամ եւ վերանորոգվել է 16 հատ BYD մեքենա: Եվս մեկ կարեւոր հանգամանք. «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան ԴԱՀԿ-ից նախորդ տարվա հոկտեմբերին հայտնել էին, թե ԴԱՀԿ-ը գնել է 11 հատ BYD մեքենա, այսօր, պարզվում է, նրանք ունեն 16 հատ BYD:

 




Լրահոս