ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ` ՆԱԶԱՐԲԱԵՎԻՆ

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկ, անդրադառնալով Աստանայում Նուրսուլթան Նազարբաեւի հնչեցրած հայտարարությանը, ըստ Yerkir.am-ի, ասել է, որ «ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության ժամանակ նման սահմանների հարց չի եղել, ՄԱԿ-ում Հայաստանի սահման չի ամրագրվել, ինչպես որ ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծ մասի սահմանները ՄԱԿ-ում չեն ամրագրվել: Կան մի շարք երկրներ, որոնց սահմաններն ամրագրվել են հենց ՄԱԿ-ի կողմից, բայց Հայաստանի պարագայում այդպես չէ: Երկրորդ՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը թույլ չի տալիս ԱՀԿ-ին Հայաստանին ասել՝ Ղարաբաղի հետ սահմանի վրա մաքսակետ դիր: Նազարբաեւը, փաստորեն, փորձում է հիմնավորումներ բերել, որոնք իրականում չկան»:

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ, Կառավարության նիստից հետո, անդրադառնալով դատախազության կողմից տարածված այն հաղորդագրությանը, թե նախաքննության փուլում տվյալներ հրապարակող լրագրողները պատասխանատվության կենթարկվեն՝ նշեց. «Զանգվածային լրատվության մասին» օրենքը հստակ սահմանում է, որ լրագրողը պարտավոր չէ հրապարակել իր տեղեկատվության աղբյուրը: Այսինքն՝ դա լրագրողի իրավունքն է, իսկ քրեական պատասխանատվության սուբյեկտը ոչ թե լրատվության միջոցն է կամ լրագրողը, այլ այն սուբյեկտը, ում դատավարության մասնակից լինելու պայմաններում հասու է դարձել տեղեկատվություն, եւ ինքը փորձում է դա հրապարակել: Այդ բոլոր մտահոգությունները, գնահատականները ցանկացած անձ արտահայտելու իրավունք ունի, բայց նման կարծիքը գոնե մի քիչ մասնագիտական հենք ու հիմք պետք է ունենա»:

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԷԼ ՄԻՆՍԿ Է ԳՆՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելառուս՝ մասնակցելու Մինսկում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարԴավիթ Հարությունյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, պաշտոնատար այլ անձինք:

 




Լրահոս