ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՐՏԱԴՐՎԱԾԻ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Սերժ Սարգսյանը վավերացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը, ըստ որի՝ պարտադիր կուտակայինը դարձավ կամավոր: Չնայած դրան, որոշ գործատուներ աշխատակիցներին երկընտրանքի առաջ են կանգնեցնում՝ դիմում չգրել, այլապես աշխատանքից կազատվեն: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներին ներքին կարգով զգուշացվել է պարտադիր կուտակային վճարներից հրաժարվելու դիմումներ չգրել:

Սերժ Սարգսյանի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը վավերացնելուց հետո շատերի մոտ կարծիք ձեւավորվեց, որ գործատուներն աշխատակիցներին երկընտրանքի առաջ կկանգնեցնեն` դիմում չգրել, այլապես աշխատանքից կազատվեն: Այս խնդրի հետ կապված, վերջերս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստարյանը լրատվամիջոցներից մեկում հայտարարել էր. «Չեմ կարծում, որ նման իրավիճակ լինի, որովհետեւ հիմա վարչապետի հանձնարարականով տեխնիկական լուծումներ ենք տվել օրենքի կիրարկումն ապահովելուն, այսինքն՝ հնարավորություն է ընձեռվելու, որպեսզի գործատուն հաշվետվություն ներկայացնելիս իր աշխատողի կամարտահայտությունն իրացնի նաեւ հաշվետվության մեջ, եթե աշխատողն այդ կամքն արտահայտում է եւ դիմում է գրում, ապա իրենից պահումներ չեն արվում»:
Մինչդեռ երեկ «Ժողովուրդ»-ը ՀՊՄՀ դասախոսներից տեղեկացավ, որ վերջիններիս ներքին կարգով զգուշացված է դիմում չգրել եւ չհրաժարվել պարտադիր կուտակայինի վճարներից: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՊՄՀ-ի հանրության հետ կապերի եւ լրատվության բաժին, որտեղից տեղեկացրեցին հետեւյալը. «Ռեկտորի կողմից երբեւէ նման հրահանգ չի եղել: Ընդհանրապես որեւէ դիմում գրելը ցանկացած հարցի շուրջ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Բայց ռեկտորին դեռ չեն հասել նման պահանջով դիմումներ»:
Իսկ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանն, անդրադառնալով այս հարցին, նշեց. «Մեզ մոտ նման բան չկա, ունենք ընդամենը երկու դիմում եւ ընթացք ենք տվել այդ դիմումներին»: Ավելի ուշ, «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն տարածեց, որով ներկայացնում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխությունների հիման վրա գործատուներին ուղղվելիք պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումների ձեւանմուշները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս