ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե հաշմանդամության կարգ ունեցող դիմորդները ուսումնական հաստատություն ընդունվելիս օգտվում են որեւէ արտոնությունից, թե ոչ: Եվ խնդրում եմ ասեք, ո՞ր դեպքում կարող է հաշմանդամ ուսանողը ուսումնական հաստատության անվճար համակարգից տեղափոխվել վճարովի համակարգ:
Ռուզաննա Տոնոյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամներն այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվելու առաջնահերթ իրավունքից՝ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
Պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո չեն ճանաչվել հաշմանդամ:
Հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անկախ ամեն ինչից, ցանկալի եւ նույնիսկ պարտադիր է, որպեսզի գոնե նման կարգավիճակ ունեցող քաղաքացիների համար լինեն արտոնություններ ամեն ինչում:
ՀԱՐՑ. Վերջերս տեխնիկայի խանութից գնել եմ թվային տեսախցիկ, որը խոտան ունի, բայց այն հայտնաբերել եմ գնելուց 10 օր հետո: Օրենքում կա մի պայման, համաձայն որի՝ վերանորոգման փորձաքննության ընթացքում վաճառողը պետք է ներկայացնի ինձ համանման ապրանք: Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ է նշանակում համանման ապրանք: Եվ խնդրում եմ ասեք, ես կարո՞ղ եմ պահանջել, որպեսզի այն լինի նույն ապրանքանիշի եւ նույնանման չափորոշիչների:
Ալբերտ Հարությունյան (30 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համանման ապրանք նշանակում է համապատասխան, նման: Նմանությունը կորոշվի տեղում` վաճառողի մոտ եղած տեսախցիկները ձեր ապրանքի հետ համեմատելու եղանակով, եւ չի բացառվում, որ համապատասխանի հենց այն մեկը, որը դուք ցանկանում եք: Բացի դրանից հիշեք, որ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի` եթե վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, որի մասին չի հիշատակվել վաճառողի կողմից, սպառողը իրավունք ունի ըստ իր ընտրության պահանջել.
-ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ սպառողի կամ երրորդ անձի կողմից դրանց շտկմանն ուղված ծախսերի փոխհատուցում
-գնման արժեքի համաչափ իջեցում
-համանման ապրանքանիշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում
-փոխարինում այլ ապրանքանիշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով, բայց նույնատիպ եւ գնման արժեքի համապատասխան վերահաշվարկով։
Այս պահանջների ներկայացման փոխարեն սպառողը կարող է հրաժարվել առքուվաճառքի պայմանագրի կատարումից եւ պահանջել ապրանքի դիմաց վճարված գնի վերադարձը:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճիշտ է, օրենքը թույլ է տալիս, որպեսզի գնորդը ծայրահեղ դեպքում հրաժարվի պայմանագրից եւ հետ ստանա իր գումարը, բայց համաձայնեք, որ հազվադեպ են լինում դեպքեր, երբ տվյալ խանութն ընդունում է իր սխալը եւ տրամադրում գնորդի գումարը: Էլ չասած` անգամ բրենդային խանութներում փակցված այն ցուցանակների մասին, որոնց վրա` օրենքի խախտմամբ, գրված է` գնված ապրանքը հետ չի ընդունվում:
ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել` «սերժանտ կամ կրտսեր սերժանտ» զինվորական կոչումով զինվորական ծառայության ժամանակահատվածն արդյո՞ք ներառվում է «Պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ» հասկացության մեջ, թե ոչ:
Դավիթ Մկրտումյան (29 տարեկան, ատամնաբույժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Խորհրդի կողմից «պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ» հասկացության մասին տրված պարզաբանման համաձայն՝ «պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ» հասկացության մեջ ներառվում է նաեւ մինչեւ 1991 թվականն ընկած ժամանակահատվածում ԽՍՀՄ, իսկ դրանից հետո ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմում ժամկետային զինվորական ծառայություն անցնելու ժամանակահատվածը: Բացի այդ, «պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ» հասկացության մեջ ներառվում է նաեւ «ավագ» զինվորական կոչումով դասակի հրամանատարի ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը: Ուստի, որպես ջոկի հրամանատար՝ «սերժանտ, կրտսեր սերժանտ» զինվորական կոչումով զինվորական ծառայության ժամանակահատվածը չի կարող համարվել պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք, նման կարգավիճակում գտնվող զինվորականները շատ են եւ վերոնշյալ պարզաբանումը կօգնի նրանց աշխատանքային ստաժի չափն ու իրենց կարգավիճակը ճշգրտելու հարցում: