Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի արած վերջին աղմկահարույց հայտարարությունը մի տեսակ ստվերեց դրա նախօրեին տեղի ունեցած մեկ այլ կարեւոր իրադարձություն. խոսքը Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի նախագահին հաջորդ տարի ապրիլի 24-ին Երեւան այցելելու հրավերքի մասին է: Ընդ որում, հատկապես Նազարբաեւի մատուցած «անակնկալից» հետո առավել տեսանելի դարձավ այն, որ Սերժ Սարգսյանը պատահական չէր ընտրել Թուրքիայի նախագահին ուղղված հրավերքը հնչեցնելու օրը:
Իհարկե` ֆորմալ առիթը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստն էր, սակայն ցանկության դեպքում Ս. Սարգսյանն այդ հայտարարությունը կարող էր անել ավելի վաղ, օրինակ` ապրիլի 24-ին: Խնդիրն այն է, սակայն, որ ապրիլի 24-ից մինչեւ մայիսի 27-ը (երբ արվեց հրավերքը) ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ բավականին նշանակալի մի իրադարձություն` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը, որի ընթացքում, ինչպես հիշում ենք, վերջինս հայտարարեց Հայաստանի համար Եվրամիության հետ ասոցացվելու նոր` «խելացի մոդել» մշակելու անհրաժեշտության մասին:
Եվ անկախ նրանից, թե ինչպիսին կարող է լինել այդ «խելացի մոդելը», ակնհայտ է, որ այն իրագործելու համար Հայաստանին անհրաժեշտ են բաց սահմաններ: Ինչպես հիշում ենք, անցած հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում հիասթափված եվրոպացիների առջեւ ելույթ ունենալով եւ բացատրություն ներկայացնելով սեպտեմբերի 3-ի իր անակնկալ որոշման համար` Սերժ Սարգսյանն էլ իր հերթին արտահայտեց Հայաստանի իշխանությունների հիասթափությունն առ այն, որ ԵՄ-ն այդպես էլ որեւէ գործուն քայլ չձեռնարկեց Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի արգելափակումը վերացնելու ուղղությամբ:
Անցած ամիսներին` հատկապես Ուկրաինայում տեղի ունեցածից հետո, ԵՄ-ում, ըստ ամենայնի, առավել լրջորեն գիտակցվեց, որ շրջափակված Հայաստանը Ռուսաստանից շատ ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվում, որից անգամ ամենամեծ ցանկության դեպքում դուրս գալ չի կարող` առանց այլընտրանքային եւ համարժեք տնտեսական աջակցության: Եվ Թուրքիայի հետ «ֆուտբոլային դիվանագիտության» շարունակության այս առաջարկն, ըստ ամենայնի, հենց դրա անմիջական արտահայտությունն է:
Թե ինչ արդյունք կունենա այն, կերեւա առաջիկայում: Ընդ որում` դա մեծապես պայմանավորված կլինի Հայաստանի` դեպի Եվրոպա վերակողմնորոշվելու պատրաստակամության աստիճանից: Ուստի այս համապատկերում Նազարբաեւի կողմից նախօրեին հնչեցված նախապայմանը բավականին հետաքրքրական հեռանկարներ է ուրվագծում, որից օգտվելու Սերժ Սարգսյանի կարողությունն ու պատրաստակամությունը կարծես թե տեսանելի է դառնում Աստանայի՝ նախօրեին Թուրքիայի նախագահին Երեւան հրավիրելու իրողությամբ:
ԴԵՌ ԵՐԿՈՒ ՕՐ ԱՌԱՋ (խմբագրական)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ