ԱՆՏԵՂՅԱԿ ՎԱՀՐԱՄԸ
ԱԺ ՀՀԿ խմբակցության նորաթուխ անդամ Վահրամ Մկրտչյանը հավանաբար դեռեւս ամբողջությամբ չի գիտակցում, թե ինչ է նշանակում լինել օրենսդիր մարմնի անդամ: Նորաթուխ պատգամավորը շատ անտարբեր վերաբերմունք է ցուցաբերում բոլոր հարցերի նկատմամբ: Գործարար Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշ Բարսեղի հովանավորյալին ցանկացած հարց ուղղելու դեպքում կարելի է լսել հետեւյալ արտահայտությունը. «Տեղյակ չեմ, չեմ կարող ասել», եւ այդ ամենը շատ ուրախ դեմքով, անտրամաբանական ժպիտով: Երեկ «Ժողովուրդ»-ը կրկին նույն պատասխանը ստացավ, երբ փորձեց նրա տեսակետն իմանալ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարության մասին՝ ըստ որի՝ Հայաստանը Եվրասիական միությանը պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Արցախի: Ու Վ. Մկրտչյանը մեր երկրի համար կարեւորագույն այս խնդրից անտեղյակ էր: Հետաքրքիր է՝ նրա առաքելությունը միայն չհասկանալով կոճակ սեղմե՞լն է:
ԴՈՒՄԱՆՅԱՆԻ ՉԱՐԱԾՆԵՐԸ
Երեկ, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում, երբ պետական բյուջեի կատարողականը ներկայացնում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը փորձեց նրանից պարզել, թե ինչպես է աշխատելու «ատկատների» դեմ: Պատգամավորը հայտարարեց, որ նախկին նախարար Դերենիկ Դումանյանին այդպես էլ չհաջողվեց իր կողմից բարձրացրած հարցին լուծում տալ ու այդ ամենն ակնկալում է ստանալ նորանշանակ նախարարից: «Դուք ընդունո՞ւմ եք, որ նման երեւույթ գոյություն ունի, եւ պատրա՞ստ եք միջոցներ ձեռնարկել, որ կանխեք: Դումանյանը դիմել էր դատախազություն, որ ստուգեն՝ 5-10% «ատկատ» գոյություն ունի՞ հիվանդանոցներում, բայց անհայտ մնաց»,-ասաց պատգամավորն ու խնդրեց նշել՝ արդյոք պատրաստվում է քայլեր ձեռնարկել: «Պետպատվերի առումով կան հատուկ չափորոշիչներ եւ հանձնաժողովն ըստ դրա է բաշխում գումարները»,-ասաց Ա. Մուրադյանը՝ հավելելով, որ ներկայում փորձում են կատարելագործել եւ տեսնել, թե ինչ ռիսկերի մասին կարելի է խոսել: Լ. Սարգսյանը նշեց նաեւ, որ Դ. Դումանյանն այդպես էլ չիրագործեց իր կողմից բարձրացրած հարցը՝ կապված Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի ամբուլատոր կլինիկայի հետ. «Պարոն Դումանյանը հրապարակավ հայտարարեց, որ ամբուլատոր պոլիկլինիկան Ոսկեվանում կկառուցվի: Սակայն հետագայում խոստումն օդում մնաց: Ես գտնում եմ, որ անձնական վերաբերմունքի դրսեւորում էր իմ նկատմամբ, որովհետեւ ես էի խնդիրը վեր հանել»: Այդ ամենը վրդովեցրեց ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին, ով ընդհատեց Լ. Սարգսյանին. «Դուք ասում եք բաներ մարդու մասին, ով այստեղ չի: Դա կոռեկտ չէ»: Իսկ Մուրադյանը խոստացավ Ոսկեվանի ամբուլատորիայի հարցը խորը ուսումնասիրել եւ լուծում տալ: