ՆԱԽԱՐԱՐԸ 7 ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՔԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՇԱՏ ՈՒՐԱԽ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ եթե աշխատանքի ընթացքում պարզվի, որ նախարարությունը կադրերի խնդիր ունի, ապա կլինեն նաեւ կադրային փոփոխություններ:

-Պարոն Մուրադյան, նախարար նշանակվելուց հետո բոլորը սկսում են իրենց գերատեսչություններում կադրային փոփոխություններ իրականացնել: Դուք արդեն ծանոթացել եք նախարարությանը, որոշե՞լ եք՝ ինչ փոփոխություններ եք կատարելու:
-Յուրաքանչյուր կադրային փոփոխություն պետք է հստակ ունենա իր համապատասխան իմաստը: Կլինեն ծրագրեր, եթե այդ ծրագրերի իրականացման հարցում կլինի նոր կադրերի անհրաժեշտություն, իհարկե նոր կադրեր կներգրավվեն: Առայժմ որեւէ նման խնդիր չունենք, որովհետեւ մեր ընթացիկ ծրագրերը նախարարության աշխատակազմն իրականացնում է: Եթե այն մոտեցումները, որոնք այսօր Առողջապահության նախարարությունը դրսեւորում է` ընդունելի չեն, ապա դա կարող է լինել յուրաքանչյուրի ընտրությունը` շարունակե՞լ աշխատել, թե՞ ոչ:
-Ձեր նախորդի` Դերենիկ Դումանյանի աշխատանքի հետ կապված բազմաթիվ քննադատություններ են հնչել, Ձեր ղեկավարած գերատեսչության հետ քչերն են հույսեր կապում, ավելին` այն համարվում է ամենակոռումպացված համակարգերից մեկը: Ի՞նչ եք անելու նման վարկանիշից ազատվելու համար:
-Ես չեմ կարծում, որ լավ ու վատ վարկանիշների խնդիր կա ու ես բացարձակ իմ առջեւ լավ վարկանիշ ձեռք բերելու նպատակ չեմ դրել: Ես իմ առջեւ դրել եմ այլ նպատակ` իրականացնելու այն ծրագրերը, որոնք այսօր մենք մշակում ենք: Ու երբ ժամանակը կգա ու մենք դրանք կներկայացնենք քննարկման, կարող եք ձեր քննադատությանը ենթարկել նաեւ այդ ծրագրերը: Կարծում եմ՝ ճիշտը դա է: Այստեղ վարկանիշի խնդիր չկա:
-Իսկ անձամբ Ձեր վարկանիշի հարցն ինչպե՞ս եք պատրաստվում լուծել, քանի որ դաշտում Ձեզ ընդունել են որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր քավոր, ինչի համար էլ Ձեզ նշանակել են այդ պաշտոնին:
-Իմ կենսագրությունը, իմ մոտեցումները կարող են լինել ուղեցույց, որով կտեսնեք, թե իրականացվող ծրագրերը որոնք են ու դուք ձեր ենթադրությունները կանեք: Ես հպարտությամբ նշել եմ, որ իմ բոլոր սանիկներով… եթե դուք նկատի ունեք իմ քավորությունը, ապա ես ունեմ 7 նորաստեղծ ընտանիքի քավորություն ու ես հպարտությամբ եմ վերաբերվում իմ բոլոր սանիկներին, իրենց հաջողություններով եւ իրենց երջանկությունով շատ ուրախացած եմ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս