ՔԱՌՅԱԿԸ ՍԻԱՄԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿ ՉԷ. ԿԱՆ ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երկուշաբթի օրը՝ ժամը 14.00-ին, կկայանա «Հրաշալի քառյակ»-ի հերթական հանդիպումը: Այս անգամ` ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում: Մեր տեղեկություններով՝ օրակարգում լինելու է մեկ հիմնական հարց. հստակեցնել եւ հրապարակել այն պահանջները, որոնք Քառյակը պատրաստվում է ներկայացնել ՀՀ կառավարությանը: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ նոր կառավարության հետ կապված՝ Քառյակում միասնական որոշում չկա. ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ցանկանում են դեռ սպասել կառավարության գործունեությանը, իսկ ՀԱԿ-ն ու «ժառանգություն»-ն առաջարկում են ավելի կտրուկ քայլերի գնալ եւ հանրահավաքային պայքար սկսել:

«Ժողովուրդ»-ը զրուցել է Քառյակի ներկայացուցիչների հետ` պարզելու, թե ինչու հետագա ակտիվացման հետ կապված` Քառյակում միասնական կարծիք չկա:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
-Պարոն Հակոբյան, Քառյակի 10 կետանոց պահանջներն արդեն պատրա՞ստ են:
-Այո, մենք այս ընթացքում աշխատել ենք ու դրանք արդեն պատրաստ են, իսկ Քառյակի հանդիպման ժամանակ արդեն մենք վերջնական որոշման կհանգենք:
-Քառյակում ներկայում տարաձայնություններ կան` կապված առաջիկայում առավել ակտիվ գործունեություն ծավալելու անհրաժեշտության հետ: Ինչպե՞ս եք այդ տարաձայնությունները հաղթահարելու:
-Քառյակում կարող են ամենատարբեր կարծիքներ լինել, բայց քաղաքական ուժերի հիմնական աշխատանքն ու սկզբունքն այն է, որ կարողանանք գտնել միասնական տեսակետ ու ներկայանանք այդպես: Կարեւորն այն է, որ Քառյակը կարողանում է իր սկզբունքի շնորհիվ համաձայնության գալ:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ
-Պարոն Ռուստամյան, Քառյակում տարաձայնություններ կան կապված հանրահավաքների, ավելի ակտիվ քաղաքականություն վարելու անհրաժեշտության հետ: ՀՅԴ-ն առաջարկել է սպասել ՀՀ վարչապետի պաշտոնավարման 100 օրվան, եւ դրանից հետո միայն քայլեր ձեռնարկել: Ինչո՞ւ:
-Բացարձակ նման բան չկա, իսկ ով է ասել, որ ակտիվ չենք: Ով է հանրահավաք արել, որ մենք էլ մնացել ենք այսպես: Մենք միասնական տեսակետների վրա ենք աշխատում, ու կարծում եմ, որ դա շատ ավելի ճիշտ է: Տարբեր մարտավարական մոտեցումներ կան, բայց կարծում եմ՝ համաձայնեցումները կատարվում են ճիշտ ուղղությամբ, որպեսզի պահպանենք միասնականությունը, եւ դա ավելի արժեք ունի: Կարծում եմ՝ դա ավելի մեծ նշանակություն ունի, քան թե ամեն օր հանրահավաք անելը, դրա իմաստը ո՞րն է:
-Իսկ ո՞րն է Հ. Աբրահամյանի կառավարության գործունեության 100 օրվան սպասելու նպատակը: Այսինքն՝ Դուք լուրջ հույսե՞ր եք կապում այս կառավարության հետ:
-Ժամանակ պետք է տալ, մենք էլ աշխատում ենք փաստաթղթի վրա, որը պետք է ներկայացնենք ՀՀ կառավարությանը, դա ներկայացնելու ենք Քառյակի նիստին: Այժմ կուսակցությունները քննարկում են, իրենց պահանջներն են ներկայացնելու: Ի վերջո, ծրագիրը՝ ծրագիր, բայց կյանքում կատարվող իրական քայլերն էլ շատ կարեւոր են ու մենք դեռեւս չենք կորցրել մեր հույսը, որ կառավարությունը իսկապես գիտի` ինչ պետք է անի: Հոգու խորքում լավ պատկերացնում են, թե ինչը պետք է փոխվի, հիմա կարծում եմ, որ իրենք պետք է այդ ուղղությամբ քայլեր անեն, հակառակ պարագայում շատ արագ կդառնան նույնը, ինչ նախորդ կառավարությունն էր: Իսկ ես չեմ կարծում, որ որեւէ կառավարության դա ձեռնտու կլինի: Հակառակը` կա առիթ ստեղծելու ինչ-որ վստահության մթնոլորտ ու դրա հետ կապված մենք ձեւակերպել ենք 10-ից ավելի քայլեր:
-100 օրը բավակա՞ն է, որ վարչապետը կարողանա ինչ-որ նշանակալի բան փոխել:
-Մենք այնպիսի հարցեր ենք ընդգրկել, որ կկարողանան 100 օրվա մեջ քայլեր կատարել:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկին Զոհրաբյան, նշվում է, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն դեմ են, որպեսզի հանրահավաքներ անցկացվեն, ինչո՞ւ:
-Նման խնդիր չկա Քառյակի ներսում, հանրահավաքների վերաբերյալ դեռեւս վերջնական որոշում կայացված չէ: Ես արդեն ասել եմ, որ Քառյակը դա սիամական երկվորյակ չէ, որ բոլոր հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումները լինեն նույնը: Քառյակի սեփականություն դառնում են այն որոշումները, որոնք ընդունվում են կոնսենսուսով, 4 ուժերի համաձայնությամբ: Իսկ այն հարցերի վերաբերյալ, որտեղ մենք ունենք տարակարծություններ` իսկ այդպիսիք կան, գաղտնիք չէ, Քառյակի յուրաքանչյուր ուժ պատրաստ է արտահայտել իր դիրքորոշումը եւ մենք ըմբռնումով ենք մոտենում յուրաքանչյուր ուժի քաղաքական օրակարգին եւ դիրքորոշմանը: Ինչ վերաբերում է հանրահավաքներին, ապա դու պետք է ընտրես ճիշտ ժամանակը, ճիշտ պահը:
-ԲՀԿ-ն սպասո՞ւմ է ՀՀ վարչապետի պաշտոնավարման 100 օրը լրանալուն:
-Ինձ համար այդ ժամկետներն ընդունելի չեն, ինձ համար կարեւորը արդյունավետությունն է:

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
-Տիկին Սարգսյան, ըստ Ձեզ՝ Քառյակի 10 պահանջները ՀՀ կառավարությունն իրագործելո՞ւ է:
-Մինչեւ այժմ կյանքը ցույց է տվել, որ մենք պահանջներ ենք ներկայացնում, իսկ կառավարությունը չեզոքացնում է ամեն ինչ ու չի ցանկանում ընդունել այդ պահանջները: Բայց մենք իրավունք չունենք վեր չհանելու այն խնդիրները, որոնք հուզում են հասարակությանը եւ խորհրդարանական քաղաքական ուժերին, ուստի պետք է ձգտենք այդ հարցերի լուծմանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս