ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքն արդեն մեկ ամիս է, ինչ համայնքապետ չունի: Երեք ամիս առաջ Արագածի նախկին համայնքապետ Գագիկ Պողոսյանը ազատման դիմում է ներկայացրել եւ հունիսի 8-ին այս համայնքում տեղի են ունենալու համայնքապետի ընտրություններ: Այս պահին գրանցված թեկնածուները երկուսն են՝ անկուսակցականներ Օհան Գասպարյանը եւ Հենրիկ Հովհաննիսյանը: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նախկին համայնքապետ Գագիկ Պողոսյանի հետ:
-Ինչո՞ւ հրաժարական տվեցիք, չէ՞ որ դեռ մեկ տարի կար պաշտոնավարման ժամկետի ավարտին:
-Անկեղծ ասած, 16 տարի աշխատել եմ եւ շատ լավ եմ աշխատել, գնահատականը ստացած պետական պարգեւներն են, շքանշանները եւ այլն: Մեկ տարի էր մնում նոր ընտրություններին, դրա համար շուտ հրաժարվեցի, որ չգա ընտրությունների նախաշեմին, ընկերներս համոզեն նորից առաջադրվեմ: Ես վաղուց տրամադրվել էի:
-Իսկ այլ աշխատանքի առաջարկ ստացե՞լ եք:
-Նոր աշխատանքի առաջարկ ունեմ, հիմա էլ՝ սպասում եմ:
-Բայց եկամտաբե՞ր աշխատանք է, քան գյուղապետինը, թե՞…
-Չէ, չէի ասեի: Բայց եկամտաբերության առումով մասնավոր սեկտորից էլ լուրջ առաջարկ ունեմ: Բայց առայժմ դեռ մտածում եմ պետական աշխատանքի անցնելու մասին: Ունեմ նաեւ սեփական բիզնես:
-Մարզպետարա՞ն, թե՞ մեկ այլ պետական կառույց:
-Ձեզ ասեմ, որ ընտրովի պաշտոնն ավելի բարձր է: Համայնքի ղեկավարի պաշտոնն ամենալավ պաշտոնն է, բայց 16 տարի աշխատելուց հետո մի տեսակ հոգնել եմ:
-Պարոն Պողոսյան, փակագծերը կբացե՞ք, կոնկրետ ի՞նչ պաշտոն են առաջարկել եւ որտե՞ղ:
-Դեռ չեմ կարող, որովհետեւ անորոշություն կա, ես էլ վստահ չեմ:
-Դուք Արագածում ունեք սննդի օբյեկտ, որտեղ երբեմն հաճախում է նաեւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
-Այդ սննդի օբյեկտը ես ունեցել եմ մինչեւ համայնքի ղեկավար լինելը: Իհարկե ընկերներս էին աշխատեցնում, բայց հիմա որոշել եմ ես դրանով զբաղվել: Այդ սննդի օբյեկտում շատ-շատ մարդիկ են եղել, այդ թվում նաեւ ՀՀ նախկին գլխավոր դատախազը:
-Հիմա այցելո՞ւմ է:
-Եթե տարածքում լինի, իհարկե, կգա: Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ է եկել: Իր ծննդավայրի կերակրատեսակներն են, դրա համար էլ հավանում է: Խինկալին, քաբաբը…
-Իսկ առաջադրված երկու թեկնածուների մասով ի՞նչ կասեք:
-Լարվածություն չկա նրանց մեջ: Երկուսն էլ բավականին ճանապարհ են անցել:
-Դուք անկուսակցական եք, եւ քանի որ առաջիկայում պետական կառույցում նշանակվելու նոր պաշտոնի եք անցնելու, ի՞նչ եք պատրաստվում անել այս ուղղությամբ:
-Ճիշտն ասած, նման թեմայի շուրջ խոսակցություններ չեն եղել, բայց չի բացառվում, որ ինչ որ կուսակցության անդամագրվեմ:
-Որի՞ն:
-Այս պահին չեմ կարող ասել:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ