Գուցե ինչ-ինչ բաներ բաց եմ թողել վերլուծությունների ու հանրային դիտարկումների մեջ, սակայն թվում է, որ օրերս Ղազախստանում տեղի ունեցածն ավելի լուրջ է, քան դրա շուրջ մեզանում հնչող դատողությունների մեծամասնությունը:
Մի մասն ուզում է ցույց տալ, թե որքան վատն են այսօրվա իշխանությունները, որ Նազարբաեւն իրեն կարող է նման բան թույլ տալ, սրանց ընդդիմախոսներն էլ երբեմն այնպիսի անհիմն մտքեր են շարադրում, ընդհուպ մինչեւ, թե Նորսուլթան Նազարբաեւի ասածը որեւէ նշանակություն չունի: Մինչդեռ, կարծում եմ, որ իրական ու դեռեւս ոչ ակնհայտորեն դրսեւորվող մարտահրավերները պահանջում են հեռանալ մակերեսային ընկալումների տիրույթից եւ փորձել դիտարկել իրողությունների խորքը:
Նազարբաեւի ասածն, իհարկե, նշանակություն ունի, եթե չունենար, արժանի չէր լինի, որ դրա մասին խոսակցություն ծավալվեր, առհասարակ: Բացի այդ, Վլադիմիր Պուտինը քանիցս ընդգծված մեծարումով անդրադարձավ Նազարբաեւի անձին, ըստ էության նրան վերագրելով Եվրասիական միության (այսուհետ՝ Եվրասի) գաղափարական հոր դերը: Ու այնպես չէ, որ վաղն այդ հստակ վերաբերմունքը տեղի է տալու այլ իրողությունների առջեւ, անտեսվելու են նրա տեսակետները:
Իհարկե, մինչ օրս երբեւիցե չի հայտարարվել, թե Հայաստանը որեւէ կազմակերպության անդամակցում է Լեռնային Ղարաբաղի հետ միասին: Նման հայտարարություններ չի արել Երեւանը, չի արել Ստեփանակերտը, չեն արել կազմակերպությունները` ԵԽ-ից սկսած մինչեւ ՄՕԿ: Սակայն այս դեպքում դա հատկապես է շեշտադրվում, հանգամանքի բացակայությունն ընդգծելու համար: Այստեղ արդեն Ղազախստանն էլ է փորձում Եվրասում լինել Հայաստանի ավագ եղբայրը, գոնե Ադրբեջանի հետ կապված հարցերում, որը դույզն-ինչ հետաքրքրություն չի ցուցաբերում Եվրասի նկատմամբ: Հետեւաբար, այս դեպքում Նազարբաեւի ասածին չարձագանքելը, նշանակում է՝ վաղվանից այլեւս դուրս չես գալու Ղազախստանի պահանջների շրջանակից: Ադրբեջանն այս անգամ հաջողություն գրանցելու դեպքում այլեւս մշտապես է փորձելու ազդել Հայաստանի վրա` Ղազախստանի դեմքով, որն էլ սիրով անում է դա: Աստանան, անթաքույց է ի ցույց դնում, որ իր ընկերը Բաքուն է եւ ոչ թե Երեւանը: Իսկ Ալիեւը Հայաստանին վնասելու հարցում երբեք էլ անհետեւողականություն չի դրսեւորել:
Այս պարագայում հստակ հարց է ծագում, արժե արդյոք լինել մի միության մեջ, որի հիմնադիր անդամը վերապահություններ ունի քո նկատմամբ: Իհարկե, չարժե, մանավանդ որ այդ միությունը ոչ դեմոկրատական արժեքների եւ ոչ էլ կենսապայմանների բարելավման առումով ի ցույց չի դնում 21-րդ դարին վայել որեւէ խոստումնալից հեռանկար: Միայն այն, որ Եվրասում ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով մոտ է 17.000 դոլարին, իսկ ԵՄ-ում այն 2.5-3 անգամ բարձր է, արդեն իսկ լույս է սփռում պատկերի վրա: Սակայն այստեղ խնդիրն այլ է, Հայաստանին տվյալ դեպքում, ոչ այնքան հրապուրում են տնտեսական զարգացման հեռանկարով, այլ շատ եղբայրաբար ասում` մտածիր անվտանգությանդ մասին: Որ այդպես են ասում, կա՞ արդյոք դրանում Հայաստանի, նրա այսօրվա իշխանությունների մեղքը: Անշուշտ, կա, կա գուցե նաեւ նախորդ իշխանությունների մեղքը, սակայն հիմա գործ ունենք իրողությունների հետ, որոնք ավելի հրատապ լուծումներ են պահանջում, քան ներկաներին ու նախորդներին դատափետելն է, ինչից մեր պրոբլեմները չեն վերանա, մանավանդ ու հատկապես Եվրասին անդամակցելու առումով:
Առաջացել է կանխատեսելի նոր իրավիճակ, իսկ այդ իրավիճակն իրավիճակ է Ուկրաինայի իրավիճակի խորապատկերի վրա, ինչը, թեպետ ոչ մեծ, բայց հստակ ու որոշակի մանեւրների հնարավորություն տալիս է: Իհարկե, չեմ կարող համաձայնել նրանց հետ, ովքեր, իրենց կարծիքով, երեկ արդեն Նազարբաեւի «պորտը տեղն են դրել», սակայն փոխադարձաբար Ղազախստանի նկատմամբ վերապահություններ առաջ քաշել հնարավոր է, նույնիսկ անհրաժեշտ ու հրապարակավ: Եթե դա անենք գրագետ տակտիկական քայլերով, հնարավոր է, որ դաշնակիցներ էլ ձեռք բերենք: Դրանից հետո արդեն մեր շնորհքից կախված կլինի, թե որքանով այդ տարաձայնությունները կարող են դառնալ անհաղթահարելի ու ընկալելի այլոց կողմից: Եթե չարեցինք, երկար չենք սպասի հասկանալու, որ լավ չարեցինք…
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ