Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրությունները որոշիչ նշանակություն են ունենալու առաջիկա ներքաղաքական զարգացումների համար: Ակնհայտ է, որ այդ ընտրություններում պարտվելու դեպքում Հանրապետականի հեղինակությունը լրջագույն հարված է ստանալու, որը հայտնի չէ, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել: Առանց այդ էլ Իջեւանի քաղաքապետի ընտրություններում կրած պարտությունից հետո Հանրապետականի հեղինակությունը զգալիորեն սասանվեց, ու եթե հանկարծ Հրազդանում էլ Հանրապետականը պարտվի, դա կարող է պարզապես խուճապ առաջացնել կուսակցության շարքերում` այդտեղից բխող բոլոր հետեւանքներով: Սասուն Միքայելյանի հաղթանակը կդիտվի իբրեւ անձամբ Սերժ Սարգսյանի պարտություն եւ ընդդիմության հաղթանակ` այդպիսով հիմնովին խարխլելով իշխանությունների ամենակարողության մասին միֆը: Ու պատահական չէ, որ փետրվարի 4-ին Հրազդանի Սուրբ Կարապետ եկեղեցի կատարած այցելության ընթացքում Սերժ Սարգսյանը կուսակիցներին ասել է, թե այս ընտրություններում հաղթելը Հանրապետականի համար «պատվի հարց է»: Իսկ թե ինչպես է ՀՀԿ-ն պայքարում իր «պատվի հարցը» լուծելու համար, ցույց են տալիս Սասուն Միքայելյանի կողմնակիցների նկատմամբ իրականացվող աննախադեպ ճնշումները: Նախօրեին «ՀԺ»-ից հայտնի դարձավ, որ ԱԱԾ Կոտայքի մարզային ստորաբաժանման 4 սպաներ, Հրազդանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված, աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել` այդպիսով հրաժարվելով Սասուն Միքայելյանի դեմ կատարել ինչ-ինչ հանձնարարականներ: Արդյունքում ԱԱԾ փոխտնօրեններից մեկը մեկնել է Հրազդան եւ համոզել սպաներին հետ վերցնել դիմումները` խոստանալով, որ նրանց քաղաքական հանձնարարություններ չեն տրվի: Երեկ էլ մամուլը գրեց այն մասին, որ աշխատանքից ազատվել են Հրազդանի էլեկտրացանցի երեք աշխատակիցներ, այդ թվում Էլցանցի ինժեներ Մայիս Մնացականյանը, որը մի քանի օր առաջ Սասուն Միքայելյանի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ ունեցած ելույթից հետո հրավիրվել է Էլցանցի տնօրենի աշխատասենյակ եւ համապատասխան «զրույցից» հետո ազատման դիմում գրել: Ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններից խոսող իշխանությունների «հանդուրժողականության» արդյունքում աշխատանքից հեռացվել է նաեւ Հրազդանի երաժշտական դպրոցի ուսուցիչ Հովհաննես Գրիգորյանը: Սրանք ընդամենը մամուլում հրապարակված փաստերից մի քանիսն են, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի «որակական փոփոխություն», «աննախադեպ թափանցիկ» եւ «հեղափոխական» ընտրություններ են մեզ սպասվում գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եւ անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, չափազանց տխուր է, որ այս իշխանությունների համար «պատվի հարց» է ամեն գնով սեփական թեկնածուին անցկացնելը, բայց ոչ երբեք սեփական խոսքը հարգելը:
ԱՆՊԱՏԻՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ