ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը չի մասնակցում ԱԺ այս քառօրյային: Մեր աղբյուրների փոխանցմամբ` վերջինս նեղացել է հարազատ կուսակցությունից: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` վերջերս ՕԵԿ-ում համամասնական ցուցակի քննարկման ժամանակ Հովհաննես Մարգարյանին առաջարկվել է ոչ անցողիկ համար, փոխարենը Արթուր Բաղդասարյանը նրան հորդորել է ընտրվել մեծամասնական ընտրակարգով: Մարգարյանն առարկել է` ասելով, որ մեծամասնականով իր ընտրվելը ռեալ չէ, եւ վրդովվել, որ չնայած ինքը շատ բան է անում ՕԵԿ-ի համար, սակայն համարժեք պատասխան չի ստանում: Արդյունքում` որոշել է ԱԺ այս քառօրյային չմասնակցել, ասում են` մնացած օրերին եւս գրեթե չի այցելում ՕԵԿ գրասենյակ: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, սակայն, մեր հարցը լսելուց հետո, մեղմ ասած, զայրացավ. «Կուսակցության ցուցակների վերաբերյալ քննարկումներ չեն եղել, Հովհաննես Մարգարյանը հիվանդ պառկած է: Նա գրիպի վիրուսով պառկած է, պա՞րզ է»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ