ՀՀԿ-Ի ԽՈՍՔԻ ԱՐԺԵՔԸ (խմբագրական)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես` շաբաթ օրը Սերժ Սարգսյանն, ի վերջո, հարկ համարեց անդրադառնալ առանց Ղարաբաղի ՄՄ-ին անդամակցելու` մայիսի 29-ին Աստանայում հնչեցված պահանջին: Ընդ որում, դա արվեց չորրորդական նշանակության մի միջոցառման ընթացքում` գուցե թե այդպիսով փորձելով նաեւ ցույց տալ, թե որքանով են ՀՀ իշխանությունները կարեւորում Նազարբաեւի հայտարարությունը:
Սակայն այն, ինչ ասաց Սարգսյանը` առաջին հերթին ի ցույց դրեց, թե որքանով են ՀՀ իշխանությունները կարեւորում սեփական հայտարարությունները: Հիշեցնենք` անդրադառնալով Նազարբաեւի հնչեցրած պայմանին` Սարգսյանն ասաց. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել եւ չի էլ կարող լինել, որովհետեւ Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում»:
Դժվար է հավատալ, որ Ս. Սարգսյանը տեղյակ չէ սեփական թիմի ներկայացուցիչների՝ բազմիցս հնչեցրած հայտարարություններին, որ Հայաստանը եւ Ղարաբաղը որպես մեկ միասնական տնտեսական տարածք են ներառվելու Մաքսային միության կազմում: Այդօրինակ հայտարարությունների` արդեն քանի ամիս շրջանառվող տարափում ամենաթարմը Սարգսյանից ընդամենը մեկ օր առաջ ՀՀԿ փոխխոսնակ Է. Շարմազանովի արած հայտարարությունն էր. «Հայաստանը եւ Ղարաբաղը մեկ միասնական տարածք են: Դա այդպես է եւ այդպես էլ կմնա, սա անհերքելի է»: Փաստորեն` ընդամենը մեկ օր անց Ս. Սարգսյանը հերքեց այն, ինչը ՀՀԿ պաշտոնական դիրքորոշումը ներկայացնող մամուլի խոսնակի ներկայացմամբ` «անհերքելի» էր:
Դրանից ընդամենը երկու շաբաթ առաջ էլ Հովիկ Աբրահամյանն էր նման մի «անհերքելի» հայտարարություն արել` վստահեցնելով. «Մեկ տարածք ենք մենք լինելու, որեւէ այլ ձեւակերպում այդ հարցում չի կարող լինել»:
Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի` «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում արած հավաստիացմանը, թե` «Ղարաբաղը համարվում է Հայաստանի սահմանային տարածք: Ոնց որ այսօր է ներմուծում կամ արտահանում, նույն ձեւով էլ կլինի այն ժամանակ: Պրոբլեմներ չեն առաջանա», եւ կամ այլ ՀՀԿ-ականների` Արտակ Զաքարյանի, Գագիկ Մինասյանի պնդումներին, ապա դրանք, թերեւս, ավելորդ է հիշեցնել՝ զուտ այն պատճառով, որ նրանց խոսքերը որեւէ արժեք չունեն` նախ եւ առաջ Սերժ Սարգսյանի համար, որն իր դիվանագիտական «լյապսերը» մշտապես փորձում է լղոզել` թքած ունենալով սեփական թիմակիցների հեղինակության վրա:
Ու, թերեւս, ՀՀԿ-ականները լավ կանեին` մտածեին, թե այդ ինչպես է պատահում, որ Ս. Սարգսյանը մշտապես իրենց դնում է հիմար վիճակում` այնպիսի հայտարարություններ անելով, որոնց հակառակը պնդելու` Բաղրամյան 26-ից իջեցված հրահանգը կատարելու համար իրենք ջանք ու եռանդ չեն խնայում:




Լրահոս