ԴԵՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ը փորձեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանից պարզել, թե ինչպիսին է իրենց դիրքորոշումը այն հարցի վերաբերյալ, որ ՀՀ-ն ՄՄ է մտնելու առանց Արցախի: ԼՂՀ վարչապետ, մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը պատասխանեց, որ «Արցախի Հանրապետությունը, բնականաբար, չի կարող դառնալ ՄՄ անդամ, քանի որ դրա համար հայտ չի ներկայացրել, իսկ ՀՀ-ն բանակցում է որպես միջազգայնորեն (այդ թվում՝ ՄՄ անդամների կողմից) ճանաչված պետություն: Թե ինչ են բանակցում կողմերը, պետք է հարցնել իրենցից, իսկ որ Արցախի հարցն անթույլատրելի է շահարկել այդ համատեքստում, դա միանշանակ է»: Դիտարկմանը, թե հաջորդը կարող է լինել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ անցակետ դնելու հարցը՝ նշեց. «Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների կողմից արհեստականորեն ուռճացված մաքսակետի հարցին, ապա մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել ենք, այն է՝ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ չի կարող գործել փաստացի մաքսակետ, ինչպես եղել է մինչեւ հիմա»:
ՕԵԿ-ԻՑ ԿՀԵՌԱՑՆԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ-ն այս շաբաթ (հնարավոր է հինգշաբթի օրը) քաղխորհրդի նիստ է հրավիրելու: Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՕԵԿ անդամ Իշխան Խաչատրյանը պետք է բարձրացնի ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին անդամ Կարեն Բոթոյանին կուսակցությունից հեռացնելու հարցը: Պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, որ ինչպես եւ հայտարարել է ԱԺ ճեպազրույցի ժամանակ, այդ օրը հարցն ինքն անպայման բարձրացնելու է: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ այդ «առաքելությունը» դրված է Ի. Խաչատրյանի վրա նրա համար, որ իբր թե Կ. Բոթոյանին Ի. Խաչատրյանն է կուսակցությունում առաջ «բրդել», ցանկացած հարցում միասին են աշխատել, հատկապես Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ պետք էր կուսակցության համար ձայներ «բերել»: ՕԵԿ-ում համարում են, որ Ի. Խաչատրյանը լավ «կադր» չի «աճեցրել», ինչի համար էլ հենց ինքը պետք է Կ. Բոթոյանին կուսակցությունից հեռացնելու հարցը բարձրացնի:
ՓԵՍԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻՑ ԿՀԱՆԵՆ
Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ մայիսի 17-ին, «Վերնիսաժ» տոնավաճառում տեղի ունեցած կրակոցների հեղինակ Գոռ Առաքելյանի` ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի խափանման միջոց կալանքը կփոխվի: Մեր աղբյուրների փոխանցմամբ` քննիչները դատարանում միջնորդություն են ներկայացնելու Գ. Առաքելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու եւ ստորագրությամբ բաց թողնելու մասին: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառում տեղի ունեցած կրակոցներից տուժել էին անմեղ քաղաքացիներ: Իսկ ահա միջադեպը հրահրողները՝ ՌԴ-ից Հայաստան վերադարձած Վալերի Հովհաննիսյանն ու Նորայր Հարությունյանը հրաժարվում են մեկնաբանել կատարվածը: Ավելին՝ ավելի վաղ գրել էինք, որ այս տղաներից մեկը Ռուսաստանի Դաշնությունում հետախուզման մեջ է, իսկ նրանցից մեկը որոշել է «օրենքով գող» դառնալ: