ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ՌԵԿՏՈՐ

Երեկ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է նշանակվել Դավիթ Մուրադյանը: Նա ընտրվել է ձայների 19 կողմ, 1 դեմ, 1 անվավեր հարաբերակցությամբ: Ընտրությանը չի մասնակցել միայն Հարություն Խաչատրյանը, ով քաղաքում չի եղել: Նշենք, որ ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատարը միակ թեկնածուն էր:

ՆԱԽԿԻՆ ՇՆԱՁԿՆԵՐՈՎ

Անդրադառնալով ստվերի դեմ պայքարի` նոր կառավարության հռչակած քաղաքականությանը, երեկ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը ԱԺ-ում հայտարարել է. «Այս տարվա բյուջեով նախատեսված 1 տրլն 100 մլրդ եկամուտը չի կատարվի, եթե այս աճի պայմաններում ստվերը չկրճատվի»: Հարցին, թե ո՞ր ոլորտներում է հատկապես ստվերը, Ա.Ալավերդյանը պատասխանել է. «Շինարարության, կաթնամթերքի, հացամթերքի, վառելիքի, գազալցակայաններում վաճառվող գազի, իրացման, ամենաառաջնայինը՝ ներմուծման»: Փաստորեն` ֆինանսների փոխնախարարը հրաշալի գիտի, թե որտեղ որքան ստվեր կա, սակայն տարիներ շարունակ զբաղեցնելով ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը` առանձնապես ջանքեր չի գործադրել այն կրճատելու համար: Եվ հիմա դժվար է հավատալ, որ նա` իր վերադասի` ֆիննախարարի, իսկ նախկինում` ՊԵԿ նախագահի` Տամոժնի Գագոյի հետ համատեղ սկսելու է զբաղվել ստվերի կրճատմամբ:

ԱՆՈՐԱԿ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել է «Թամարա» ՍՊԸ-ի կողմից «Քսան կոպեկ», «Կարմեն» եւ «Թթվասեր 200գր» արտադրատեսակների արտադրությունը: «Թամարա» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:

ՕՐԻՆԱԿԱՆ ԿՀԱՄԱՐՎԵՆ

«Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքային մակարդակով համաձայնեցվել են երկու համաձայնագրերի տեքստերը, որոնցից մեկը հնարավորություն է տալիս Հայաստանի մեկնող քաղաքացիներին հաշվառվել ոչ թե յոթ, այլ 30 օրվա ընթացքում: Բացի դրանից, մեր միգրանտները կարող են աշխատանքային գործունեություն ծավալել՝ առանց աշխատանքային թույլտվության: Սա նշանակում է, որ աշխատանքային պայմանագիր կնքած միգրանտի ու վերջինիս ընտանիքի կեցությունը տվյալ քաղաքում օրինական կհամարվի»,-NEWS.am-ին հայտնել է Մոսկվայում գտնվող ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։




Լրահոս