ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարդը մենակ նեգատիվ չէր, մարդ, ով իր կենսագրության մեջ ունեցել է երկու կողմերը` ե՛ւ նա, ե՛ւ նա, հիմա ով կտա դրա գնահատականը` դժվարանում եմ ասել… Իմ անձնական կարծիքն ասեմ՝ ես լինեի՝ մի քիչ կսպասեի»։

 

Նարեկ Սարգսյան Lurer.com

Անաստան Միկոյանը, ում մասին խոսում է նախարարը, ժամանակին իր ստորագրությունն է դրել հազարավոր մարդկանց սպանելու վերաբերյալ փաստաթղթի վրա, եւ սա արդեն այն բացասականն է, որը մթնացնում է բոլոր դրականները, ուստի այս դեպքում երկու կողմերից խոսելը բնավ տեղին չէ: Նաեւ զգացվում է, որ Նարեկ Սարգսյանի վերաբերմունքը Միկոյանին բացասական է, սակայն այդ դեպքում ինչո՞ւ է խորհուրդ տալիս մի քիչ սպասել: Միգուցե համարձակությունը չի հերիքում,կամ գործընկերային հարաբերություններն են կաշկանդում, որպեսզի պարզապես ասի, որ դեմ է արձանի տեղադրմանն, առհասարակ:

 
«Այստեղ այսքան ժամանակ ոչ մեկ որեւէ խնդիր չի առաջացրել: Ինչո՞ւ եք այդքան անհանգստանում երրորդ, չորրորդ երկրի որեւէ նամակ ընթերցելուց: Այդ ընթերցելուն, չեմ կարծում, որ նշանակություն է պետք տալ»:

Կարեն Ճշմարիտյան Lurer.com

Եթե ՀՀ էկոնոմիկայի նախարարը իրադարձությունների կարեւորությունն ու անկարեւորությունը, նշանակությունը չի գիտակցում, ապա հարկ է նրան հուշել, որ եթե Ադրբեջանի նախագահի նամակը ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների համար կարեւոր չլիներ, ապա Նազարբաեւն այն հրապարակավ չէր ընթերցի եւ այդ մակարդակի վրա հարց չէր բարձրացնի: Ակնհայտ է, որ Նազարբաեւը փորձում է ՀՀ-ի համար լուրջ խոչընդոտներ ստեղծել ՄՄ-ին անդամագրվելու հարցում, իսկ մյուս նախագահներն առանձնապես չեն էլ դիմադրում, Սերժ Սարգսյանն էլ, մեղմ ասած, նեղված է այդ իրողությունից: Մի՞թե դա բավական չէ անհանգստանալու համար:

 

«Համայնքների խոշորացման ծրագիրը հետապնդում է ընդամենը մեկ նպատակ՝ կարողանանք տեղական ինքնակառավարումը դարձնել ավելի արդյունավետ, ավելի ունակ, ՏԻՄ ռեսուրսները կենտրոնացնենք եւ ավելի լավ կառավարում իրականացնենք»:

Վաչե Տերտերյան Tert.am

ՀՀ նախկին կառավարությունների բոլոր ծրագրերը, որպես կանոն, ժողովրդին որեւէ օգուտ չեն տվել, իսկ եթե արդյունավետ էլ եղել են, ապա միայն իշխանավորների ու պաշտոնյաների գրպանների համար: Ուստի հիմա որքան էլ տարածքային կառավարման փոխնախարարը փորձի բացատրել արդեն նոր կառավարության որեւէ ծրագրի՝ իբրեւ թե արդյունավետությունը, միեւնույն է՝ անիմաստ է, քանի որ վերջին 20 տարում, ՀՀ իշխանությունները կորցրել են ամենակարեւոր բանը՝ վստահությունը ժողովրդի կողմից: Հետեւաբար փոխնախարարի խոսքերը նույնպես հարյուրավոր նման՝ անիմաստ ասվող խոսքերի ժանրից են:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս