ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԸՆԿԵՐՆԵՐՆ ԱՄԵՆՈՒՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն այնքան է օտարել քաղաքական գործընթացներից, որ մայիսին դժվարանալու է ընտրություն կատարել:
-Պարո’ն Անդրեասյան, վերջին օրերին բոլորը խոսեցին լրագրող Հայկ Գեւորգյանի հետ կապված հայտնի պատմության մասին, սակայն օմբուդսմենի ձայնը չկար:
-Համաձայն չեմ, որ օմբուդսմենի ձայնը չկար, որովհետեւ օմբուդսմենի տեղակալի ձայնը օմբուդսմենի ձայնն է նաեւ, եւ մեր արագ արձագանքման խումբն առաջինն է հանդիպել Նուբարաշենում Հայկ Գեւորգյանին: Մենք շատ մտահոգված ենք եղել հենց առաջին իսկ պահից: Ուրախությամբ փաստեցինք, որ գոնե կալանավայրում նրա առողջությանը, կյանքին որեւէ վտանգ չի սպառնում, որեւէ մեկը բռնություն չի կիրառել նրա նկատմամբ: Մենք իրավասու չենք որոշելու` արդար է, թե արդար չէ որեւէ մեկը, եւ իրավունք չունենք որոշելու` կալանքի արժանի է, թե չէ: Դա դատարանի իրավասությունն է:
-Դուք քաղաքականապես կաշկանդվածություն ունե՞ք գործունեություն ծավալելիս: Մի տեսակ լռություն էր նաեւ, երբ ԲՀԿ ներկայացուցիչներին աշխատանքից ազատեցին, տարբեր անհեթեթ քրեական գործեր հարուցեցին, հետո նրանք ազատ արձակվեցին: Ինչո՞ւ այդ ժամանակ եւս լռություն պահպանեցիք:
-Ոնց եմ Ձեզ նախանձում, որ Դուք կարող եք, օրինակ, գնահատական տալ` գործն անհեթեթ է, թե ոչ, որովհետեւ երբ ես որպես մարդ եմ խոսում, ես էլ եմ էդպես. ուզում եմ գնահատեմ` անհեթեթ կամ արդար: Բայց որպես ինստիտուտ, իսկ մարդու իրավունքների պաշտպանն ինստիտուտ է, անձ չէ, իրավունք չունեմ էդպիսի հապճեպ գնահատականներ տալ, նույնիսկ եթե ձեր գնահատականներն արդար են: Ինչ վերաբերում է քաղաքական կաշկանդվածությանը, այո՛, ես ունեմ քաղաքական զսպվածությամբ կաշկանդվածություն եւ պարտավոր եմ որեւէ կերպ չքաղաքականացնել այս ինստիտուտը: Տեղից բոլորը ամեն կողմից փործում են այն քաղաքականացնել:
-Դուք քաղաքական սիմպատիա չունե՞ք որեւէ կուսակցության հանդեպ: Ինչպե՞ս եք կարողանում դա թաքցնել մասնագիտական գործունեության մեջ:
-Բացարձակ չունեմ որեւէ սիմպատիա որեւէ քաղաքական ուժի նկատմամբ: Նույնիսկ ինձ այնքան եմ օտարել այդ գործընթացներից, որ որպես քաղաքացի` դժվարությամբ եմ կարողանալու ընտրություն կատարել մայիսին:
-Բայց Ձեզ, այնուամենայնիվ, համարում են պրոհանրապետական երիտթեւի մտերիմ:
-Որտեղի՞ց է դա, առաջին անգամ լսեցի Ձեզնից էստեղ: Հետաքրքիր կլինի մտածել, օրինակ` ո՞ւմ հետ են համարում, որ ես մտերիմ եմ:
-Եթե ուզում եք օրինակներով, կարող եմ մի քանի անուն ասել:
-Խնդրեմ:
-Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, որը ՀՀԿ շտաբի պետի տեղակալն է:
-Բազմիցս ասել եմ, մենք ընկերներ չենք նույնիսկ: Այսինքն` չունեմ անձնական հարաբերություններ իր հետ: Ա՞յլ:
-Արմեն Աշոտյան` կրթության նախարար:
-Մեր կոնֆլիկտները վկայում են մեր բարիդրացիական հարաբերությունների  մասի՞ն, հրապարակային: Նորից եմ ասում` որպես նախարար` մեր հարաբերությունները շատ պաշտոնական են, իսկ անձնական շփում պարոն Աշոտյանի հետ նույնիսկ չեմ էլ ունեցել:
-Լավ ընկե՞ր էլ չունեք:
-Ընկերներ ունեմ, բայց քաղաքական դաշտում չեն, եւ եթե ունեմ ծանոթներ, մտերիմներ պետական կամ քաղաքական որեւէ ասպարեզում, դրանք ե՛ւ ընդդիմությունում են, ե՛ւ իշխանությունում, ե՛ւ կենտրոնամետ ուժերում են:
-Գուցե նախանձեք, որ որակում եմ տալիս, այնուամենայնիվ, հիմա ԲՀԿ-ի նկատմամբ ահաբեկչական գործողություններ են ծավալվում, Ձեզ չի՞ մտահոգում` թեկուզ որպես քաղաքացի:
-Ի տարբերություն Ձեզ` ես չեմ կարող նաեւ հապճեպ գնահատականներ տալ:  Այսօր ԲՀԿ որեւէ ներկայացուցչից, նույնիսկ կուսակցության որեւէ մարմնից չեմ ստացել դիմում, խնդրանք, առաջարկություն եւ հետեւելով մամուլին` չեմ տեսել, որ իրենք ասեն, թե իրենց իրավունքների խախտում կա: Այսինքն` ես որ ասում եմ, որ ես քաղաքականացված չեմ, չի նշանակում, որ կույր եմ քաղաքական կյանքում: Ես չեմ տեսնում այս դիրքից որեւէ ճնշում, որի մասին վկայակոչում է ճնշվողը, զոհը: Եւ չեմ տեսնում զոհը, որի իրավունքը պետք է  պաշտպանել:
-Վախենո՞ւմ են:
-Գիտեք, մենք, օրինակ, մտահոգվում ենք, երբ երեխան կամ կինը տանը բռնության են ենթարկվում եւ վախենում են ասել, դրա համար միջամտում ենք: Քաղաքական ուժի դեպքում զավեշտական կլինի մտածել, որ վախենում են: Այդ դեպքում քաղաքական ուժը դադարում է լինել քաղաքական ուժ:
-Իսկ Հրազդանում տեղի ունենալիք ընտրությունների վերաբերյալ թեկնածուներից  մեկն արդեն հայտարարել է, որ իր թիմը ենթարկվում է բռնությունների, ճնշումների, մարդկանց ազատում են աշխատանքից: Այդ մասով ե՞ւս գնահատական չկա:
-Մենք հետաքրքրվում ենք, ընդհանուր պատկերն ենք ունենում, բայց որպեսզի ես վարույթ հարուցեմ եւ սկսեմ գործընթաց, պետք է մարդը լինի կա’մ անօգնական վիճակում եւ ի վիճակի չլինի ինձ դիմել, կա’մ պետք է ինձ դիմում լինի: Հակառակ դեպքում բոլոր այս խոսակցություններն ինձ հետաքրքրում են տարեկան զեկույցում ընդհանուր պատկերը տեսնելու մեջ: Այնպես որ, եթե նույնիսկ արտահայտվել են այդ մտահոգությունները, ցավոք սրտի, դրանք չեն եկել մեր գրասենյակ, մեր աշխատակազմ:
-Այսինքն` մամուլի հրապարակումները Ձեզ համար հիմք չե՞ն:
-Անհատական գործեր նախաձեռնելու համար դրանք հիմք չեն: Հիմնականում բնապահպանական խնդիրներն են, որոնց մեր նախաձեռնությամբ ենք միջամտում, որովհետեւ չկա կոնկրետ տուժող. ծառը կամ բնությունը չի կարող ինձ դիմել:

Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս