ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՐՏ՝ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ

Մայիս 31-ի գիշերը ծեծի էր ենթարկվել ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության «Վանաձոր» առողջարանի Լոռու մարզային կենտրոնի 58-ամյա պահակ Լյովա Բուղլադարյանը: Վերջինիս ծեծել էր ՌԴ եւ ՀՀ երկքաղաքացիություն ունեցող Բենիկ Ալեքսանյանը, ով ավելի ուշ հայտարարել է, որ ինքը «Մարտ առանց կանոնների» մարզաձեւից Մոսկվայի չեմպիոն է եղել։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Վանաձոր» առողջարանի աշխատակից Աշխենը պատմեց, որ Լյովա Բուղլադարյանը շատ համեստ մարդ է ու կատարվածն իրենց համար էլ է զարմանալի. «Մենք առավոտյան եկել ենք գործի ու իմացել, որ Լյովային ծեծել են: Ասում են՝ մի երիտասարդ մեր պահակի հետ խոսակցություն է ունեցել եւ չեն հասկացել իրար, իսկ թե կոնկրետ ինչ խոսակցություն՝ դեռ հայտնի չէ»:

ԳՈՒՅՔԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱ՞Ռ

Մայիսի 29-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում մահափորձ էր իրականացվել հայ գործարար Վիկտոր Կատանյանի ու նրա կնոջ` ձեռնարկատեր Պոլինա Յարմոլինսկայայի նկատմամբ, ինչի հետեւանքով գործարարը մահացել էր, իսկ նրա կնոջը տեղափոխել էին հիվանդանոց: Ոստիկանությունը ձերբակալել էր սպանություն իրականացնողին, ով եղել էր 51-ամյա Սերգեյ Տելենինը: Ըստ տեղեկությունների՝ կատարվածը կապ ունի անշարժ գույքի գործարքի հետ: Եվ այսպես, գործարարի սպանության մասին, Ռուսաստանի Դաշնության իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մարդասպան Սերգեյ Տելենինը բազմիցս հայտարարել էր, որ կսպանի գործարարին, եթե նա չդադարի իր ապօրինի գործողությունները: Բանն այն է, որ մեզ հասած տեղեկություններով՝ հայ գործարարն անօրինական ճանապարհով Սերգեյ Տելենինի մորից վերցրել է մի շինություն, որի հարցի կարգավորումն անգամ հասել է դատարան, սակայն Տելենինը չի սպասել հարցի կարգավորմանը եւ անձամբ է փորձել գործարարից վրեժխնդիր լինել: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ այդ օրը մարդասպանը հարսանեկան խնջույքի է մասնակցել, որից հետո, թողնելով խրախճանքը, շտապել է իրականացնել իր մտադրությունը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՌԴ Քր. օր.-ի 105 հոդվածի հատկանիշներով, այն է` սպանություն:




Լրահոս