Կոտայքի մարզի Կոտայք համայնքում հունիսի 8-ին տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Այս պահի դրությամբ առաջադրված թեկնածուները երկուսն են՝ գործող ԲՀԿ-ական գյուղապետ Սահակ Հարությունյանը եւ անկուսակցական Ֆելիքս Հարությունյանը: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ներկայիս գյուղապետ Սահակ Հարությունյանի հետ:
-Ձեր եւ Ձեր մրցակցի միջեւ լարվածություն կա՞, թե՞ ոչ:
-Չէ, նման բան չկա: Ամեն ինչ լավ է:
-Մյուս թեկնածուն էլ է Հարությունյան: Ազգականնե՞ր եք:
-Չէ, ազգակցականներ չենք: Մեր գյուղի եզդիներն էլ են Հարությունյան:
-Ինչպե՞ս է ընթանում Ձեր քարոզարշավը:
-Գյուղում ի՞նչ քարոզարշավ: Բոլորն իրար ճանաչում են, գիտենք, թե ով ով է: Քարոզարշավի կարիք չկա:
-Քանի՞ տարվա գյուղապետ եք:
-Ութ: Ֆելիքս Հարությունյանն առաջին անգամ է առաջադրել իր թեկնածությունը: Սովորական գյուղացի է, խելոք, աշխատասեր մարդ է:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք: Կհաղթե՞ք:
-Դա ընտրությունից հետո կերեւա: Գյուղի բնակիչներն են առաջարկել, որ նորից թեկնածությունս դնեմ:
-Չէի՞ք ցանկանում առաջադրվել: Գյուղապետի պաշտոնը եկամտաբեր չէ՞:
-Հա, բա ինչ: Ժողովրդի դարդով տառապող, չգիտե՞ք, թե ինչպես է գյուղում վիճակը: Դե, գյուղի համար ներդրումներով ծրագրեր եմ բերել, դրա համար էլ մարդիկ ցանկանում են նորից ընտրվեմ, որպեսզի դրանք ավարտին հասցնեմ:
-Դուք ԲՀԿ-ական եք: Կուսակցությունն այս ընտրություններին սատարելո՞ւ է Ձեզ:
-Ոչ, ես չեմ ցանկանում ընկնել մեջտեղ: Ժողովուրդն ում կուզի, թող նրան էլ ընտրի: Մյուս ընտրություններին դեր են խաղում կուսակցությունները, իսկ այս դեպքում՝ ոչ:
-Պարոն Հարությունյան, Կոտայքի մարզը նոր մարզպետ ունի: Նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ինչո՞վ օգնեց Կոտայքին:
-Սովորական: Նորմալ հարաբերությունների մեջ ենք: Ճիշտ է, մարզպետարանն ինձ ոչ մի բանով չի օգնել, բայց եւ չի էլ խանգարել:Դե ասում են, չէ՝ չես կարողանում լավություն անես, գոնե վատություն էլ մի արա:
-Իսկ նոր մարզպետը՝ Արամ Հարությունյանը, ծանոթացե՞լ է Ձեզ հետ, գյուղի խնդիրներին:
-Ես նոր մարզպետի հետ չեմ ծանոթացել, առիթ չի ստեղծվել: Կծանոթանանք: Իրար դեմքով չենք ճանաչում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ