Արամ Հարությունյանը կանգնելու է դատարանի առաջ. բնապահպանը ներողություն չի խնդրելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը երեկ ներողություն է խնդրել բնապահպան ակտիվիստներից  այս տարվա մարտի 25-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Պատասխանատու հանքարդյունաբերություն, մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային կոնֆերանսի շրջանակներում բնապահպանների հետ ունեցած  միջադեպի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ միջադեպի ժամանակ  բնապահպանության նախկին նախարարը  սպառնացել էր բնապահպան-ակտիվիստին`ասելով. «Չափդ ճանաչի՛, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակո՛տ»:   Դեպքի առնչությամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2014 թվականի ապրիլի 25-ի թիվ 12-Ա որոշմամբ հարուցել էր վարույթ՝ ՀՀ բնապահպանության նախկին  նախարար Արամ Հարությունյանի կողմից պաշտոնավարման ընթացքում էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ հարցի քննարկման նպատակով:  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը   հաստատել է  նախարարի կողմից էթիկայի կանոնների խախտման դեպքը: 

Armlur.am-ի հետ զրույցում   բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը, ում վիրավորել էր նախարարը, ասաց, որ չի պատրաստվում նախարարից ներողություն խնդրել. քանի որ նախարարի ներողությունը ոչ թե զղջման (հակառակ դեպքում նա ներողություն կխնդրեր ամիսներ առաջ մինչև հանձնաժողովի որոշումը), այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը անտեսել չկարողանալու արդյունք է:

Բնապահպանը նաև հիշեցրեց, որ ինքը, մեջբերելով  բնապահպանության նախարարության նախկին աշխատակից Արծրուն Պեպանյանի  «բնապահպանության նախարարությունը  գերեզմանոց է» արտահայտությունը, անձնական վիրավորանք չի հասցրել նախարարին, այլ  բնութագրել է նախարարության գործունեությունը: «Նախարարին  ներել-չներելու հարցը ես թողնում եմ ապագա անկախ դատական համակարգին, որի առջև ինքը անպայման կկանգնի, բայց ոչ թե իր զբաղեցրած պաշտոնին անվայել զգացմունքային պոռթկման,  այլ Հայաստանի բնությանը հասցրած վնասի համար»,- մանրամասնեց ակտիվիստը:aprez zohrabyan

Հարցին, կկարողանա արդյոք նախկին նախարարը, որպես  Կոտայքի նորանշանակ մարզպետ, լուծել մարզում առկա խնդիրները,  մեր զրուցակիցն ասաց, որ   եթե  Արամ Հարությունյանի ղեկավարման տարիներին Հայաստանում բնապահպանական վիճակն ավելի վատացավ, ապա դա  ցույց է տալիս, որ այդ պաշտոնյայի բարոյաիմացական որակները չեն  համապատասխանում նման  պատասխանատու աշխատանք կատարելու համար:

Սոնա Դավթյան

 




Լրահոս