ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը երեկ հակասահմանադրական որակավորումը ստացավ ոչ միայն խորհրդարանական ընդդիմության, այլեւ նույն ՀՀԿ-ի կողմից:
Բանն այն է, ՀՀ Սահմանադրության 8.2 հոդվածը հստակ սահմանում է. «Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»: Մինչդեռ, ըստ այս նախագծի` զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ դրության ժամանակ: Իսկ արտակարգ դրություն սահմանվում է ներքաղաքական որոշակի իրավիճակների դեպքում: Արդյունքում` դրանց ԶՈՒ մասնակցությամբ կխախտվեն բանակի չեզոքությունն ու  Սահմանադրությունը, քանի որ ԱԺ ներկայացված նախագծի 9-րդ հոդվածի համաձայն. «ՀՀ զինված ուժերը կարող են ներգրավվել միայն այն դեպքում, եթե այդ խնդիրները հնարավոր չէ ապահովել ոստիկանության եւ ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերով»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը ե’ւ օրենքի քննարկման ժամանակ, ե’ւ այնուհետեւ մեզ հետ զրույցում ասաց, որ ԶՈՒ մասին դրույթը հանելու դեպքում միայն նախագիծը կարող է համարվել ընդունելի: «Թեեւ այդ դրույթը բավական նուրբ է ձեւակերպված, որ ԶՈՒ-ն արտակարգ դրության ժամանակ կարող է ներգրավվել, եթե չեն բավարարում ոստիկանական ու ԱԱԾ ուժերը, բայց, այնուամենայնիվ, այն ուղղակիորեն հակասում է Սահմանադրությանը: Այն պետք է հանել»: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, սակայն, այս դրույթի առկայությունն այլ կերպ է մեկնաբանում: «Արտակարգ դրության պայմաններում կա վտանգ նաեւ պետության անվտանգությանը, եւ այս ուժերի օգտագործումն ուղղակիորեն համաչափ է, եւ բխում է Սահմանադրությունից»,-նշեց նա: Ու թեեւ Թովմասյանի խոսքերով` ԶՈՒ օգտագործումը թույլատրելի է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, սակայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ իրեն չեն բավարարել այդ պարզաբանումները: «Մենք մոնոէթնոս երկիր ենք, կրոնական խնդիրներ չկան, ռասսայական խնդիր չկա, ինքնավարության խնդիր չկա, ուստի ՀՀ տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության դրույթը կապված է բացառապես արտաքին վտանգների հետ: Այսինքն` Սահմանադրությունը ԶՈՒ-ին վերապահում է միջամտություն միայն արտաքին ագրեսիայի դեպքում, ուստի արտակարգ դրության ժամանակ բանակը երբեւիցե չպետք է խառնվի: Բանակի ֆունկցիաների մեջ միանշանակ սխալ է մտցնել ներքաղաքական դերակատարման դրույթներ»,-ասաց նա:
Այս նախագծի վերաբերյալ իր եզրակացությունն է տվել նաեւ Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնախումբը: Բացի արտակարգ դրության ժամանակ ԶՈՒ ներգրավվածության խնդրից, Կոնգրեսը նաեւ ուշադրություն է հրավիրել անհասկանալի, հակասահմանադրական այլ ձեւակերպումների վրա: Օրինակ` նախագծի 1-ին իսկ հոդվածից պարզ չէ, թե որ հանգամանքներն ու վտանգներն են արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսանում: Փոխարենը նախագծում ընդամենը կրկնվել է Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի 1-ին մասի ընդհանուր ձեւակերպումը: «Մինչդեռ հենց այս օրենքն է, որ պետք է բացեր ու մանրամասներ այն վտանգների ու իրադարձությունների շարքը (տարերային ու բնական աղետներ, զինված հանցավոր խմբերի անվերահսկելի գործունեություն, հասարակական լայն շրջանակների մասսայական անկարգություններ եւ այլն), որոնք ՀՀ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ են ներկայացնում, ուստի եւ արտակարգ դրություն հայտարարելու հիմք են: Օրենսդրական նորմի ձեւակերպման այս անորոշությունը վարչախմբին հնարավորություն կտա սույնը մեկնաբանել կամայականորեն եւ իր համար քաղաքական յուրաքանչյուր աննպաստ իրավիճակում երկրում արտակարգ դրություն հայտարարել, ինչպես դա արվեց 2008թ.-ի մարտի 1-ին, երբ ընդդիմությունը խաղաղ եւ օրինական բողոքի ակցիաներ էր իրականացնում, եւ սահմանադրական կարգին սպառնացող որեւէ վտանգ իրականության մեջ գոյություն չուներ»,-ասված է ՀԱԿ եզրակացության մեջ: Ըստ ՀԱԿ-ի` այս նախագիծը լեցուն է բազմաթիվ այլ սխալներով, բացթողումներով ու հակասություններով, ուստի այն սահմանադրական լուրջ փորձաքննության ու իրավական լրամշակման կարիք ունի:
Ի դեպ, այս նախագիծը եկավ պաշտոնապես հիմնավորելու Հայ ազգային կոնգրեսի պնդումները, որ 2008թ. մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը Երեւանում արտակարգ դրություն սահմանել է ՀՀ Սահմանադրության խախտմամբ: Բանն այն է, որ Սահմանադրությամբ` երկրի նախագահն իրավունք ունի հայտարարելու արտակարգ դրություն, իսկ դրա իրավական ռեժիմը սահմանվում է օրենսդրությամբ: Մինչդեռ առ այսօր Հայաստանում գոյություն չունի նման օրենք: Այսինքն` 2008թ. Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով հաստատված արտակարգ դրությունն ու նրա սահմանափակումները որեւէ օրենքով սահմանված չեն եղել: Նշենք, որ այժմ Քոչարյանի` 2008թ. հրամանագիրը վիճարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս