Տարածված կարծիք կա, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը մայիսին ՀՀ-ում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին չի հավաքի բավարար ձայներ, ինչպես 2009-ի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ: -Հնարավոր է արդյոք, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն արձանագրի այնպիսի արդյունքներ, ինչպիսին Երեւանի ավագանու ընտրություններին,-հարցրինք ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանին: -Ո՛չ, նման բան հնարավոր չէ,-բավականին կտրուկ պատասխանեց նա: -ՀՅԴ-ի համար ինչպիսի՞ արդյունքներ եք ակնկալում: -Այս ընտրությունները շատ լավ են լինելու, հստակ կարող եմ ասել` այս ընտրությունների արդյունքներն այլ են լինելու: Ավագանու ընտրությունները լրիվ ուրիշ էին: -Իսկ ի՞նչ է փոխվել այս ժամանակահատվածում. մարդկանց կարծիքը ՀՅԴ-ի վերաբերյալ կարծես թե չի փոխվել, ընտրողներն էլ նույնն են` պարզապես տարածված ողջ հանրապետությունում: -Ո’չ, ասում եմ, որ այս անգամ արդյունքներն այլ են լինելու: