Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ Ազգային Ժողովում լրագրողները, պատգամավորներն ու աշխատակազմն «ատամները զնգզնգացնելով» են ման գալիս: Խորհրդարանում աննկարագրելի ցուրտ է: Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Մխեյանի հետ: -Ինչո՞ւ է ԱԺ-ում ցուրտ: -Դեռեւս խորհրդային տարիներից, գիտեք, կենտրոնական մասնաշենքի ջեռուցման համակարգը վերանորոգման կարիք ունի: Գումարն էլ հատկացված է, որ վերանորոգվի: Նոր շեքնի ջեռուցման համակարգը քաշելիս համակցվել են էդ երկուսը, եւ երբեմն էդ համակցման արդյունքում խցանումներ են առաջանում, որը մենք տեղում վերացնում ենք: Բայց ընդհանուր հարցը կկարգավորվի ամռան ամիսների վերանորոգումից հետո: -Այսինքն` այս ձմեռ պետք է սառե՞նք ԱԺ-ում: -Չէ՛, բոլոր դեպքերում ցանկացած պահին, եթե թեթեւ խցանում լինի, անմիջապես կարգավորվում է հարցը: -Հիմա չի աշխատում, ինչո՞ւ չի կարգավորվում: Իսկ կարո՞ղ է աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանն է խցանումներ առաջացնում: -Չ’է, չէ’, ես նման բան չեմ տեսնում, ազնվությամբ, որովհետեւ իսկապես դա է հիմնական պատճառը: -Բա ինչո՞ւ հենց ԱԺ նախագահի ու կադրային փոփոխություններից հետո անմիջապես ցրտեց ԱԺ-ում: -Դե սա տեխնիկական խնդիր ա: Չեմ կարծում, որ նման բան կա: -Հիմա Դուք կոնկրետ օր չե՞ք կարող ասել` երբ են տաքանալու ԱԺ միջանցքները: -Տաքը տաք ա, նորմալ ջերմաստիճան ա, ասում եմ` երբեմն լինում են խցանումներ: -Այսօր կարմիր միջանցքում ցուրտ է: -Դե հիմա… Ես Ձեզ ասում եմ` նորմալ վիճակ ա, բայց ասում եմ` երբեմն որ լինում ա էդ խցանումները, մենք կարգավորում ենք, էդքան բան: