Վանաձորի բնակիչ 30-ամյա Բենիամին Թունյանը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է 5 «սրոկ» «օտբիտ» անել: 17 տարեկան հասակից սկսած` «նստել է» նախկին Քրեական օրենսգրքով` հանրային եւ պետական գույքի մանր-մունր գողությունների, շորթման, վստահությունը չարաշահելու միջոցով ուրիշի գույքը վնասելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, արանքում համաներվել ու «պլստացել» է: Հետո «ախորժակը» մի թեթեւ լավացել է ու արդեն նոր Քրեական օրենսգրքի գործողության ժամանակ ավելի մեծ գումարի հափշտակություններ ու գողություններ է արել եւ ավելի մեծ պատժաչափեր վաստակել: Նախավերջին պատժաչափը եղել է 6 տարի, իսկ հանցագործությունները կատարել է Գեղարքունիքի, Լոռու եւ Կոտայքի մարզերում: Վերջինը, որի մասին կպատմենք, կատարվել է նրա հայրենի Վահագնի գյուղում:
2011թ-ի փետրվարին հերթական պատժաչափը կրելուց եւ ազատության մեջ հայտնվելուց հետո Բենիամինը որոշել է մարտի 27-ին Թուրքիայում ապրող մոր մոտ գնալ: Մինչ այդ, սակայն, ցանկացել է այցելել Վահագնի գյուղում հուղարկավորված հայրական տատի գերեզմանին: Մարտի 20-ի առավոտյան Վանաձորից գնացել է գյուղ: Տեղի խանութից օղի, քաղցրավենիք է վերցրել ու մտել իր տատի հարեւան Արմեն Բուլղադարյանի տուն: Նստել են, մի քանի բաժակ խմել, ու հարբած Բենոն դուրս է եկել տնից: Դեպի գերեզմանոց տանող ճանապարհին մի տուն է նկատել, որը նրան անմարդաբնակ է թվացել, եւ նա որոշել է այդ տնից ինչ-որ բան գողանալ: Նայելով շուրջ բոլորն ու համոզվելով, որ իրեն տեսնող չկա, աստիճաններով բարձրացել է երկրորդ հարկի բաց պատշգամբ: Մտել է երկրորդ հարկի սենյակ, վերցրել մահճակալի վրա գցած կաշվե բաճկոնը, տեղավորել տանտիրոջ կաշվե պայուսակում: Հետո նկատել է լուցկիներ, ածելու սայրեր, կոշիկի քսուք, անձնագրի կազմ, դանակ ու երկու փաթեթ զուգարանի թուղթ: Այդ ամենը եւ հատկապես վերջին «գտածոն» տեղավորել է նույն պայուսակում, իսկ հայտնաբերած մի քանի հարյուր դոլարն ու մի քանի հարյուր հազար դրամը տեղավորելով գրպաններում` պատրաստվել է դուրս գալ տնից ու փախչել: Բայց երբ փորձել է պատշգամբի աստիճաններով իջնել ներքեւ, անծանոթ տղամարդու` իրեն ուղղված ձայն է լսել ու վազքով փախել դեպի փողոց:
Տանտեր Մխիթար Կիրակոսյանը հետապնդել է նրան` բղավելով «բռնեցեք»: Բայց Բենոն ձեռքի խանգարող պայուսակը` հանցագործության վառ ապացույցներով, գցել ու փախել է դեպի գյուղի սկզբնամաս` Վանաձոր տանող ճանապարհ: Այնտեղ պատահական հանդիպած բեռնատարով ճամփա է ընկել դեպի Վանաձոր: Տուժող Մխիթարն իրեն չի կորցրել. միանգամից մի մեքենա է բռնել ու հենց ճանապարհին էլ «քննչական գործողություն» կատարել. հանդիպած մեքենաները վազանց անելով` դրանց ուղեւորների արտաքին տեսքի «բլից-ճանաչում» է արել: Բեռնատարի մեջ էլ անսխալականորեն ճանաչել է հափշտակություն անողին, բայց բռնելու գործը թողել է ոստիկաններին: Բեռնատարից առաջ է անցել, հասել ճանապարհային ոստիկաններին եւ խնդրել կանգնեցնել այդ մեքենան, ինչն էլ վերջիններս արել են: Երբ ոստիկաններից մեկը մոտեցել է Բենոյին, վերջինս փախել է եւ հասնելով եկեղեցի` խառնվել եկեղեցու բակում հավաքված մարդկանց բազմությանը: Հետապնդող «պոչերից» ազատվելուց հետո մտել է շքամուտքերից մեկը եւ հաշվել աշխատանքի արդյունքը. գրպաններում եղել է 400 ԱՄՆ դոլար ու 400.000 դրամ:
Դրանից լոռեցի Բենոյի տրամադրությունը փոխվել է: Նա որոշել է, որ միեւնույն է, պետք է այցելի մահացած տատի գերեզմանին, սակայն դրա համար դիմել է կերպարանափոխության, որ գյուղացիներն իրեն չճանաչեն: Վարսավիրանոցում սափրվել է, մազերը կտրել, հագուստի տոնավաճառից սպիտակ սպորտային համազգեստ է գնել, սպիտակ սպորտային կոշիկներ, գլխարկ, մոտ 100.000-դրամանոց ոսկե շղթա ու խաչ, դարձել «կինոյի մեջի տղա» ու նույն օրը գնացել կիսատ թողած նպատակն իրականացնելու արդեն առանց զուգարանի թղթի: Գյուղում, իհարկե, ճանաչել են Բենոյին եւ բռնել: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բենիամին Թունյանին դատապարտել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաեւ վճռել` Բ. Թունյանից հօգուտ տուժող Մխիթար Կիրակոսյանի բռնագանձել 614.400 դրամի չափով գումար:
Փաստորեն, Բենոն շատ քիչ մնաց ազատության մեջ ու չհասցրեց ո’չ Թուրքիա գնալ, ո’չ էլ նույնիսկ տատի գերեզման` զուգարանի գողացած թղթով:
ՀԱՆՈՒՆ ՏԱՏԻ ՈՒ ԶՈՒԳԱՐԱՆԻ ԹՂԹԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ