«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանն այսօրվա մամլո ասուլիսում դժգոհեց սննդամթերքի անվտանգության ծառայությունից: Իսկ դժգոհության առիթը մեկն է` Հայաստանի մաքսային միության անդամակցությունից հետո ձկնարտադրողների արտադրանքը պետք է համապատասխանի Ռուսաստանի Սննդամթերքի անվտանգության ծառայության չափորոշիչներին, հակառակ դեպքում արտահանում հնարավոր չէ իրականացնել: Իսկ արտահանման ցանկություն հայտնել են 9 ձկնարտադրող,որից 3-ը խոշոր արտադրողներ են:
Աթոյանի խոսքով` սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրենց գրավոր տեղեկացրել է այդ չափորոշիչների մասին, բայց դրանց գործնականորեն հարմարվելու բացատրական աշխատանքներ պետական ծառայությունը իրենց ՀԿ-ի կազմում ընդգրկված ձկնարտադրողների հետ չի տանում: Թե ինչով է պայմանավորված սննդամթերքի անվտանգության պետական ծառայության այս մոտեցումը, Աթոյանը դժվարացավ պատասխանել: «Այդ չափորոշիչները մեզ համար մութ աշխարհ են, մենք ցանկանում ենք միայն, որ մեզ հետ բացատրական աշխատանքներ տարվեն»,-ասաց Աթոյանը:
Բանախոսի խոսքով` սննդամթերքի պետական ծառայությունն իրենց հետ այսպես է վարվում, քանի որ «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ-ի ղեկավարը պարբերաբար է խոսում սննդամթերքի պետական ծառայության թերությունների ու խնդիրների մասին:
Արթուր Աթոյանի խոսքով` եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա իրենց կառույցում ընդգրկված ձկնաբույծները լիցենզիա չեն ստանա և արտահանման գործընթացից դուրս կմնան:
Ի դեպ, Հայաստանում կա մոտ 234 ձկնարտադրող, որից 83-ը «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միության» անդամ են: Լրագրողները հետաքրքրվեցին` իսկ այն ձկնարտադրողները, որոնք ընդգրկված չեն «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միության» կազմում, նրանք ինչպե՞ս են իրենց արտադրանքն արտահանելու Ռուսաստանի Դաշնություն Մաքսային միության անդամակցությունից հետո, արդյոք նրանց հետ համագործակցում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: «Ես տեղյակ չեմ, թե մեր կազմակերպության մեջ չընդգրկված ձկնարտադրողները ինչպես են իրենց հարցերը լուծում կամ որ կառույցում են ընդգրկված, բայց այն, որ շատ ձկնարտադրողների հետ սննդամթերքի անվտանգության ծառայությունը բացատրական աշխատանքներ տանում է, դա փաստ է»,- պատասխանեց Աթոյանը:
Նշենք, որ ձկնաբույծները միայն նախորդ տարի Հայաստանից Ռուսաստան արտահանել են 1200 տոնա ձուկ: