Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է մի քանի շաբաթվա ընթացքում դուրս գցել ուկրաինական զորքը և Լուգանսկն ու Դոնեցկը ուղղակի շրջապատել փշալարերով. գտնում է Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին:
Պորոշենկոն պետք է անպայման լուծի արևելյան Ուկրաինայի խնդիրը, քանի որ ՌԴ-ի նախագահի ծրագիրը միանգամայն հստակ է: Այդ մասին Սաակաշվիլին հայտարարել է Gordonua.com-ին:
«Պուտինը պատրաստվում է մի քանի շաբաթվա ընթացքում Դոնբասից դուրս գցել ուկրաինական զորքը և ուղղակի փշալարերով շրջապատել Լուգանսկն ու Դոնեցկը: Դա այն նախապատրաստումն է, որը Ռուսաստանն իրականացրել էր 90-ականներին Աբխազիայում», – հայտարարել է քաղաքական գործիչը:
Սաակաշվիլին նաև նշել է, որ Ուկրաինայում պետք է փոխել մարտական իրադարձությունների ընթացը:
Նրա խոսքով` ժամանակն է ուժեղացնել հակաահաբեկչական օպերացիան, որովհետև առանց լուրջ գործողությունների` ոչինչ չի ստացվի: «Պուտինն այժմ կձևացնի, որ դադարեցնում է կրակը, և այդ քողի տակ կգրավի արևելյան շրջանները», – հավելել է Սաակաշվիլին: