Մայիսի 30-ից հունիսի 1-ը տեղի ունեցած ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակությունը քաղաքական հանձնաժողովի նիստին առաջնահերթ բարձրաձայնել է Սիրիայի և մասնավորապես Քեսաբի հարցը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:
Նա նշեց, որ Թուրքիայի պատվիրակն անմիջապես արձագանքել է, թե Թուրքիայի կառավարության կողմից որևէ մասնակցություն չկա Սիրիայում տեղի ունեցածին, ինչը բնականաբար չի համապատասխանում իրականությանը և բազմաթիվ փաստեր կան, որոնք ցույց են տալիս այդ մասին։
Նահապետյանը նկատեց, որ կոնկերտ վեհաժողովի կողմից, ցավոք, որևէ արձագանք չի եղել։ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ հավելեց, որ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների համար կա մի երևույթ. այստեղ սովորություն չկա գործըկերոջը որևէ կերպ նեղացնել։
«Ի տարբերություն ՆԱՏՕ-ի՝ ՀԱՊԿ-ում նման իրողություն չկա և ուստի պետք չէ ակնկալել, որ մեկը բաց տեքստով Թուրքիայի վրա մատ թափ կտա, դա չէր կարող լինել, գուցե փակ դռների հետևում ասվում էր, բայց բաց տեքստով սպասել պետք չէ»,-ասաց նա և հավելեց, որ ամեն դեպքում հարցը բարձրաձայնելն արդեն իսկ կարևոր երևույթ է։