Արցախի վարչապետը այցելել է կարկտահարված գյուղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հունիսի 8-ին այցելել է Հադրութի շրջանի՝ վերջերս կարկտահարված գյուղեր՝ տեղի բնակչությանը հանդիպելու եւ իրավիճակին ծանոթանալու նպատակով:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե կառավարության ղեկավարի խոսքով՝ հանրապետության նախագահը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել կարկտից տուժած համայնքներին: Ջրակուս եւ Քյուրաթաղ համայնքներում Հադրութի շրջվարչակազմի ղեկավարը եւ համայնքապետերը ներկայացրել են վնասի նախնական չափերը: Ըստ նրանց՝ շրջանում շուրջ 1000 հեկտար ցանքատարածք եւ այգի մասնակի կամ ամբողջական տուժել է տեղումներից:

Վարչապետը տեղեկացրել է, որ նշանակալի վնասներ կրած գյուղացիների ընթացիկ տարվա աշնանացանի աշխատանքները կառավարությունն իր վրա է վերցնելու: Ավելին՝ բոլոր տուժողներն ազատվելու են հողի հարկից եւ վարձավճարից, ինչպես նաեւ արտոնյալ պայմաններով փոխառություններ են ստանալու գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար:

Գյուղացիների սոցիալական դրության բարելավման ուղղությամբ եւս վարչապետը տվել է կոնկրետ հանձնարարականներ եւ խոստումներ: Մասնավորապես՝ տեղի բնակիչներն ընդգրկվելու են իրենց համայնքներում նախատեսվող շինարարական աշխատանքներում: Ա. Հարությունյանը խոստացել է շարունակական աջակցություն ցուցաբերել նշյալ գյուղերում տնտեսական զարգացման նախաձեռնություններին, ինչը կստեղծի եկամտի հավելյալ աղբյուրներ տուժած ընտանիքների համար:

Պատասխանելով բնակիչների հարցերին՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, անդրադարձել է  բնակարանաշինության հիմնախնդրին: Նա նշել է, որ շուտով մեկնարկելու է գյուղերում բնակարանաշինության աջակցման պետական ծրագիրը, որն արտոնյալ պայմաններով անհրաժեշտ ռեսուրսներ է տրամադրելու գյուղաբնակներին:




Լրահոս