Ս/թ ապրիլի 30-ին Երեւանի ավագանին, առանց հանրությանը մասնակից դարձնելու եւ առանց մասնագիտական շրջանակների հետ քննարկումներ անցկացնելու, որոշում կայացրեց մայրաքաղաքում տեղադրել բոլշեւիկյան կուսակցության գործիչ, ստալինյան մարդատյաց ռեժիմի գործուն պատասխանատուներից մեկի՝ Անաստաս Միկոյանի մահարձանը։ Որոշումը սուր քննադատության արժանացավ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների կողմից, սակայն քաղաքապետարանը համառորեն վերահաստատում է արձանը տեղադրելու իր որոշումը, մասնավորապես պնդելով, թե իր ձեռքի տակ չկան փաստաթղթեր, որոնք կապացուցեն Միկոյանի հակահայ դիրքորոշումներն ու մեղսակցությունը բոլշեւիկյան ռեժիմի կողմից իրականացված հանցավոր գործունեությանը։
Նշված բացը լրացնելու, ինչպես նաեւ իրավական գործընթացով նախատեսված մասնագիտական կարծիքներն ամբողջացնելու եւ պատկան մարմիններին ներկայացնելու համար ՀՅ Դաշնակցության Երեւանի քաղաքային կոմիտեն հունիսի 10-ին, Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի սրահում նախաձեռնել է մասնագիտական խորհրդաժողով, որի եզրակացությունը պաշտոնապես կներկայացվի Երեւանի ավագանուն եւ ՀՀ կառավարության աշխատակազմ՝ վերոհիշյալ անձի արձանի տեղադրման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով։
Հ. Յ. Դաշնակցություն Երևանի Քաղաքային Կոմիտե