ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանին ներկայացրեց Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրված Արայիկ Թունյանի թեկնածությունը, ով ՍԴ-ում կփոխարինի Վալերի Պողոսյանին։
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր ձեռքի տակ է Վիկիլիքսի հայտնի փաստաթուղթը, որտեղ գրվել է, որ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը 2008 թ-ի մարտին հանդիպում է խնդրել ԱՄՆ դեսպանության ներկայացուցչից և տեղեկացրել, որ նախագահական նստավայրի կողմից ՍԴ անդամները ճնշումների են ենթարկվում, որպեսզի կայացնեն նախագահականի համար հաջող որոշում։
«Խոսքը 2008 թ-ի նախագահական արդյունքների մասին է, և ահա Վալերի Պողոսյանն ասում է, որ իրենց զանգել են, հրավիրել և իր տեղեկություններով, ՍԴ առնվազն երեք-չորս անդամներ մարտի 4-ին հրավիրվել են նախագահական, որպեսզի նախագահական ընտրություներն անվավեր ճանաչվելու վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը մերժվի: Պատահաբար դուք չե՞ք զանգել Վալերի Պողոսյանին, հրավիրել նախագահական, համապատասխան ճնշումներ իրականացնելու համար և ընդհանրապես այս տեղեկության մասին հետաքննություններ եղել են, թե ո՞վ է զանգել»,-հարց ուղղեց Ն. Փաշինյանը:
Արայիկ Թունյանը պատասխանեց, թե ինքը բացարձակ տեղեկություն չունի. «Ես ՍԴ որևէ անդամի ոչ զանգել եմ, ոչ էլ գտնում եմ, որ իրավունք ունեմ զանգելու, և ընդհանրապես տեղյակ էլ չեմ»: