Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանն armlur.am-ի հետ զրույցում հերքեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանի` ՍԱՊԾ-ին ուղղված մեղադրանքները:
Հիշեցնենք`այսօր Աթոյանը հայտարարել էր, որ սննդամթերքի անվտանգության ծառայությունն իրենց միության կազմում ընդգրկված ձկնարտադրողների հետ բացատրական աշխատանքներ չի տանում, որպեսզի ձկնարտադրողները Հայաստանի` Մաքսային միության անդամակցությունից հետո հասկանան` ինչ չափորոշիչներով են աշխատելու: «Հայ ձկնարտադրողների արտադրանքի մեծ մասն արտահանվում է Ռուսաստան, և եթե նրանք տեղեկացված չլինեն արտահանման համար նախատեսված ապրանքին ներկայացվող պահանջներից, ապա դուրս կմնան արտահանման գործընթացից»,- հայտարարել է Աթոյանը:
Արմինե Սուքիասյանի պարզաբանմամբ ՍԱՊԾ-ի քննարկումներին մասնակցում են հայտ ներկայացրած տնտեսվարողները:
Ինչ վերաբերում է Աթոյանի այն հայտարարությանը, թե սննդամթերքի անվտանգության ծառայությունը թույլ չի տվել իրեն մասնակցելու այն հավաքին, որտեղ պետք է քննարկվեր Մաքսային միության` ձկնարտադրողներին ներկայացվող նորմատիվները, մամլո խոսնակի պարզաբանմամբ Արթուր Աթոյանը այդ հավաքին մասնակցելու լիազորագիր չի ունեցել: «Ծառայությունը գործում է ՀՀ օրենքի շրջանակներում և ոչ թե անձնական ինչ-ինչ շահագրգռվածություններից ելնելով»,- եզրափակեց Արմինե Սուքիասյանը: