Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, որ Վիկտոր Սողոմոնյանն իր հայտարարություններով ջուր լցնում Ադրբեջանի ջրաղացին, նշել է, որ նա լուրջ խնդիրներ ունի, ու ոչ միայն հիշողության հետ:
«Դատելով այդ հարցազրույցի բովանդակությունից, Շավարշ Քոչարյանը լուրջ խնդիրներ ունի, ու ոչ միայն հիշողության հետ: Երևի թե Ռոբերտ Քոչարյանը, լինելով ԼՂՀ Անկախության Հռչակագրի հեղինակ /Կարեն Բաբուրյանի հետ միասին/, ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահ և ԼՂՀ առաջին նախագահ, փոխնախարարից շատ ավելի լավ գիտի, թե ինչպես և ինչու իրագործվեց ինքնորոշման իրավունքը ԼՂՀ ստեղծման ճանապարհով, ինչն առավել արդյունավետ էր՝ վերջնական նպատակին հասնելու համար: Բայց Ղարաբաղյան շարժման էությունն ու կարգախոսը մեկն էր՝ «Միացում»: Հենքային հիմնավորումներն ու շարժառիթներն էլ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն էր և արհեստականորեն բաժանված ժողովրդի վերամիավորումը,-ասել է Վիկտոր Սողոմոնյանը,–փոխնախարարը, թերևս, չգիտի, որ Քի-Վեստյան փաստաթղթի հիմքում /դրա ստորագրումը չափազանց մոտ էր իրականություն դառնալուն/ ընկած էր հենց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորումը: Լինելով թե ԼՂՀ, թե ՀՀ նախագահ, Ռոբերտ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման վերջնական նպատակը հենց երկու հայկական պետությունների վերամիավորումն է: Նա, ով կմոռանա այդ նպատակը, կմոլորվի, կմոլորեցնի ժողովրդին և կվտանգի Ղարաբաղը: Հայաստանի և ԼՂՀ-ի իրական ինտեգրացիայի աստիճանն այսօր մոտ է կոնֆեդերատիվ մոդելին, իսկ անվտանգության համակարգում մենք լիարժեք ինտեգրում ունենք: Սա հանրահայտ փաստ է, որը ոչ թե թուլացնում, այլ հզորացնում է մեզ»։
Հոդվածն ամբողջությամբ՝ Azatutyun.am-ում:
Շավարշ Քոչարյանը լուրջ խնդիրներ ունի, ու ոչ միայն հիշողության հետ. Վիկտոր Սողոմոնյան. Azatutyun.am
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ