Վաղը ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «ժառանգություն»-ը և ՀՅԴ-ն, հրավիրելու են ասուլիս, որի ընթացքում կհրապարակեն իշխանությանը ներկայացվելիք տասներկու կետերը: Այս մասին այսօր քառյակի հերթական հանդիպման ավարտից հետո` լրագրողների հետ զրույցում, նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Պայմանավորվել ենք, որ վաղը 1.30 ԱԺ-ում չորս քաղաքական ուժերի ներկայացուցիչները միասին ասուլիս կանցկացնենք, որի ընթացքում հայտարարությունը կբաժանվի ձեզ, եւ կպատասխանենք ձեր հարցերին»,- հայտարարեց Հակոբյանը` հավելելով, որ դրա անունը պետք չէ դնել տասներկու հայտարարություն:
Այն դիտարկմանը, թե ստացվում է` վաղը իշխանություններին «անակնկալ» է սպասվում, Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ մեր իշխանություններին որևէ անակնկալ կարելի է մատուցել, թե ոչ, բայց որ տրամաբանական կլինի, որ այս հայտարարությունը կփոխանցվի իշխանություններին մենք դա կանենք»:
Նրա խոսքերով, գրեթե պատրաստ է խորհրդարանական ընդդիմության մասին օրենքը, որը երևի թե դառնա չորս ուժերի համաձայնեցված նախագիծ, որը եւ կներկայացվի ԱԺ: Հիմա Հակոբյանը չի ցանկանում խոսել այն մասին, թե իշխանությունը պատրաստ է արդյոք կատարել իրենց կողմից բարձրացված հարցերը:
Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ հայտարարության մեջ ներառված են նաեւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, այդ թվում նաեւ ԼՂՀ-ին առնչվող: Հիշեցնենք, որ պահանջներից մեկն էլ վերաբերում էր հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին: