ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԱՅԻՆ ՓՈՒՉԻԿԸ ՊԱՅԹԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ սահմանին թանկացել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը: Սակայն ՀՀ իշխանությունները կրկին գաղտնի են պահել այս հանգամանքը, ինչպես նախկինում, երբ գազի գինը սահմանին 2011թ-ից սկսած թանկացել էր եւ իշխանական «գաղտնապահության» արդյունքում Հայաստանը կուտակել էր 300 մլն դոլարի պարտք: Հիշեցնենք՝ այդ պարտքը հատուցեց «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին տալով: Սակայն այս անգամ, ողջ զավեշտն այն է, որ գազը թանկացել է 2013թ. Հայաստանի կառավարության եւ «Գազպրոմ»-ի միջեւ կնքված գազային պայմանագրից հետո: Պայմանագիր, որով ստրկական պայմաններ են թելադրված Հայաստանի իշխանություններին, եւ որի օրինականության հանգամանքները ստուգելու համար դեռ ԱԺ-ում էլ գազային հանձնաժողով է ստեղծվել: Իսկ իշխանությունների գազային փուչիկը պայթեցնողը, ինչպես եւ նախկինում, պաշտոնական տվյալներն են: ՀՀ մաքսային ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 845 հազար 231 խմ գազ՝ 186 մլն 603.8 հազար դոլար արժողությամբ: Ասել է թե՝ այսօր Հայաստանը սահմանին գազը գնում է 1000 խմ-ն՝ 217-220 դոլար արժեքով: Մինչդեռ, ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանը ՌԴ-ից գազը պետք է ներկրեր 1000 խմ-ն 189 դոլարով: Ավելին` ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանը պնդում էր. «…Գազի գինը 5 տարով կապվում է ռուսական ներքին գնային համակարգին, եւ եթե այնտեղ թանկացումներ չլինեն, իսկ դուք տեսել եք Ռուսաստանի կառավարության որոշումը, որ գները չեն թանականալու, մենք 5 տարի ունենալու ենք կայուն գին»: Ահա թե ինչքանով են կայուն ՀՀ նախագահի խոսքերը:

 

ՀՀ կառավարության՝ մայիսի 29-ի նիստին Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) ղեկավար Ստեփան Մնացականյանի զեկույցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիտողություն արեց` «Սրտաճմլիկ բառեր եք ասում»: Թեեւ վարչապետի խոսքը վերաբերում էր նիստի օրակարգին, բայց իդեալական համակցմամբ դիպուկ բնորոշում է հայաստանյան իրականության «սրտաճմլիկ» պատկերը` ըստ ԱՎԾ-ի ներկայացրած տվյալների: Այսպես. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է 4.4 տոկոս գնաճ: Հատկապես շատ են բարձրացել ծառայությունների գները՝ 8.5 տոկոսով, ոգելից խմիչքի եւ ծխախոտի գները բարձրացել են 7.3 տոկոսով: Իսկ գնաճին զուգահեռ, կրկին ըստ ԱՎԾ-ի՝ նվազում է ՀՀ բնակչության թիվը: Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 12 հազար 400 մարդ, այնինչ՝ 2013թ. ապրիլի 1-ին 3մլն 28 հազար էր: Ասել է թե՝ մեկ տարվա ընթացքում մշտական բնակչությունը նվազել է 15,600 մարդով:

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը ներկա չի եղել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանը: Մեր հարցմանն ի պատասխան, Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպանատնից միայն ասացին, որ Սերժ Սարգսյանի հավաքին դեսպանը չի մասնակցել, քանի որ գտնվել է Մոսկվայում, իսկ նրա փոխարեն ժողովին մասնակցել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի հյուպատոսը: Սակայն հանդիպմանը չմասնակցելու իրական պատճառը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, այն է, որ Մուրադ Մուրադյանը խիստ նեղացած է Ս.Սարգսյանից, որ վերջինս մատը մատին չի տալիս իր ընտանիքին պատկանող համալիրի ապօրինի աճուրդը կանխելու ու խնդիրը կարգավորելու համար:
Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանի գրանցման համար ՀՀ ոստիկանության տրամադրած տեղեկանքի օրինականության հարցն, ամենայն հավանականությամբ, կքննարկվի խորհրդարանում: Համենայնդեպս, ԱԺ 6 խմբակցություններից 5-ը համաձայնել է անցկացնել խորհրդարանական լսումներ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռ. Հակոբյանը, Դաշնակցություն խմբակցության ղեկավար Ա. Ռուստամյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Ն. Զոհրաբյանը, ՀԱԿ խմբակցության անդամ Լ.Սարգսյանը եւ ՕԵԿ խմբակցությունը ներկայացնող Ի. Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դրական վերաբերմունք են արտահայտել մեր լրագրողական հետաքննության արդյունքների հիման վրա խորհրդարանական քննարկումներ կազմակերպելու մասին: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դեռ վաղ է կանխատեսել:

 




Լրահոս