ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՆԵԼ «ՊԱՐՏԱԴԻՐ» ԲԱՂԱԴՐԻՉԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր դարձած ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամները հանդես են եկել նոր առաջարկով: Նրանք ՀՀ կառավարությանն առաջարկել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքից հանել «պարտադիր» բաղադրիչը: Այսօր կառավարությունն իր հերթական նիստի ժամանակ պաշտոնապես պատասխանելու է ընդդիմադիրներին:

Եվ այսպես, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը ներկայացրել են օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի՝ առաջարկում են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքից հանել «պարտադիր» կուտակային բաղադրիչը, սակայն ըստ կառավարության՝ ներկայացված նախագիծը թերի է, այն համակարգային առումով չի ապահովում իրավական անվտանգությունը, հետեւաբար` ընդունելի չէ:
ՕԵԿ առաջարկության մեջ նշված է. «Հիմք ընդունելով կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչի հակասահմանադրական լինելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, նկատի ունենալով հասարակության դժգոհությունը պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված, ինչպես նաեւ մի շարք երկրների փորձը, ըստ որի՝ լրացուցիչ կենսաթոշակները վճարվում են կամավոր կուտակային կենսաթոշակների սխեմայով, միեւնույն ժամանակ կարեւորելով կուտակային կենսաթոշակների համակարգի դերը, որը հնարավորություն է ստեղծում կենսաթոշակային տարիքում, պետական կենսաթոշակներից զատ լրացուցիչ գումարներ ստանալուն, առաջարկում ենք կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի նախագծից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը եւ վճարումներ կատարել կամավորության սկզբունքով»:
Այս կապակցությամբ ՀՀ կառավարությունն իր եզրակացության մեջ հիշեցրել է. «Այն մասնակիցները, ովքեր ցանկանում են կամավորության սկզբունքով շարունակել կուտակային կենսաթոշակների վճարումները, կնքում են նոր պայմանագրեր, իսկ այն մասնակիցները, ովքեր չեն ցանկանում կամավորության սկզբունքով շարունակել կուտակային կենսաթոշակների վճարումները, մեկամսյա ժամկետում կատարվում է նրանց վճարումների վերջնահաշվարկ, մինչեւ 2015 թվականի հունվարի 31-ը հետ են վերադարձվում նրանց կողմից պարտադիր կուտակային վճարները»:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ՝ պարզելու նրա տեսակետը ՕԵԿ-ականների առաջարկի շուրջ: «Օրենքը դեռեւս պետք է հիմնարար վերանայվի, պետք է վերանայվի ամբողջ համակարգը: Ամեն մեկի իրավունքն է հանդես գալ նախաձեռնությամբ, բայց ես կողմնակից եմ, որ կենսաթոշակային համակարգում «պարտադիր»-ին դեմ հանդես եկողները միասնական մոտեցում ցուցաբերեն: Սկզբունքների շուրջ գոնե համաձայնությամբ հանդես գան, ինչպես որ «Դեմ եմ» շարժումը հստակ պահանջներ ձեւակերպեց ու ներկայացրեց: Իսկ քաղաքական ուժերն էլ պետք է հանդես գան միասնական որոշմամբ»: Պատգամավորն ընդգծեց, որ հարցը միայն «պարտադիր» բաղադրիչը հանելու տեխնիկական փոփոխությունը չէ, կան ավելի լուրջ եւ խորքային հարցեր:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս