Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԸ «ԿՐԱԿՆ» ԵՆ ԸՆԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը, Ծաղկաձորում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Նազարբաեւի հայտնի հայտարարության հետ կապված երիտասարդներից մեկի հարցին` Սերժ Սարգսյանն ասել էր. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել եւ չի էլ կարող լինել, որովհետեւ Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չի այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը` սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաեւի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որեւէ վնաս չի կարող մեզ տալ»:

Այսպիսով, հերթական անգամ Սերժ Սարգսյանը բոլորի` այդ թվում եւ իր թիմի համար անակնկալ հայտարարություն արեց: Նույն ՀՀԿ-ում որեւէ մեկը տեղյակ չէր, որ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու է առանց Արցախի: Փաստն այն է, որ մինչեւ Ս. Սարգսյանի վերջին հայտարարությունը բոլոր կարկառուն հանրապետականները վստահեցնում էին, թե ՀՀ-ն ՄՄ է մտնելու ԼՂՀ-ի հետ: Բայց, փաստորեն, Սերժ Սարգսյանը հերթական անգամ փոշմանեց, ինչպես որ դա արեց սեպտեմբերի 3-ին` հայտարարելով ՄՄ մտնելու մտադրության մասին:
2013-ի դեկտեմբերի 18-ին «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն Մաքսային Միությանն անդամակցելու է Արցախի հետ: «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում նույն մաքսային ռեժիմն ինքնաբերաբար կգործի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեպքում: Ղարաբաղը համարվում է Հայաստանի սահմանային տարածք: Ոնց որ այսօր է Ղարաբաղը ներմուծում կամ արտահանում, նույն ձեւով էլ կլինի այն ժամանակ: Պրոբլեմներ չեն առաջանա»,- վստահեցրել էր Գրիգորիչը:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ նոյեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը դե ֆակտո ճանաչում են ԼՂՀ-ն որպես Մաքսային միության տարածք. «Սա նշանակում է, որ ապրանքները, որոնք մուտք կգործեն Հայաստան, առանց որեւէ մաքսային տուրքի կլինեն նաեւ ԼՂՀ-ում: Այս մոտեցումն արդեն ամրագրված է»: Եվ ահա նման հավաստիացումներից հետո այսօր Սերժ Սարգսյանն այլ հայտարարություն է անում, իսկ նույն ՀՀԿ-ական պաշտոնյաններն` ի դեմս Գալուստ Գրիգորիչի, սկսում են կրկնել Ս. Սարգսյանի՝ արդեն փոխված խոսքերը: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ` պարզելու նրանց տեսակետն այս իրավիճակի շուրջ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
-Պարոն Ավետիսյան, ՀՀԿ-ում արդեն սովորություն է դարձել հակասական հայտարարություններ անելն ու այնուհետեւ արդարանալը: Այժմ էլ Ս. Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀ-ն ՄՄ է մտնելու առանց Արցախի, այն դեպքում, երբ բոլոր ՀՀԿ-ականներն ամիսներ շարունակ դա բացառում էին: Ինչո՞ւ:
-Հայաստանի Հանրապետությունը` որպես Հայաստան, մտնելու է Եվրասիական միություն, եւ բնական է, որ այսօր ոչ ոք չի ասում, թե Արցախը՝ որպես առանձին պետություն, մտնելու է այդտեղ: Մենք ինչ հարաբերություններ ունենք Արցախի հետ, այդ հարաբերություններն էլ մնում են: Հետագայում եթե հաջողվի, որ Արցախը դառնա ճանաչված պետություն, այդ ժամանակ երեւի ինքն էլ կմտնի, ի՞նչ է պատահել:
-Բայց ՀՀԿ-ականներդ` ամենաբարձր մակարդակներով, ընդհուպ Աժ նախագահ եւ վարչապետ, մեկ անգամ չէ, որ վստահեցրել եք, թե Հայաստանն ու Ղարաբաղը մեկ միասնական տնտեսական տարածք են, հետեւաբար` եթե Հայաստանը մտնում է մի մաքսային գոտի, դա ավտոմատ կերպով պետք է տարածվի նաեւ Ղարաբաղի վրա: Այժմ ինչո՞ւ եք փոշմանել ու հակառակն ասում:
-Իսկ մենք ինչու ենք տնտեսական միավորման խնդիրները փորձում քաղաքականացնել` Եվրասիական միությունը տնտեսական միավորում է ու մենք այսօր Արցախի հետ բոլոր հարաբերություններն ունենք:
-Նման անակնկալ հայտարարությանը կարող է հաջորդել այն, որ ՀՀ-ի ու Արցախի սահմանի վրա մաքսակետ դրվի: Այդ հարցը անհանգստացնում է նաեւ արցախցիներին: Դա էլ եք բացառո՞ւմ:
-Կարծում եմ՝ այդ բոլոր հարցերը քննարկվել են, ու երեւի, եթե խնդիր առաջանա՝ քննարկվելու են, բոլորը շատ լավ գիտեն, որ նման բան չի կարող լինել: Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահն է ու ինքն իրավունք ունի որոշում կայացնել: Չեմ հասկանում, թե ինչի համար եք խառնվել իրար, ինչ է, Ալեւի եւ Նազարբաեւի ջրաղացին են ջուր լցնո՞ւմ` անընդհատ դա քննարկելով:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
-Պարոն Ուրիխանյան, ինչպես է ԲՀԿ-ն վերաբերվում Սերժ Սարգսյանի` Ծաղկաձորում արած այն հայտարարությանը, թե ով է ասել, որ Հայաստանը Ղարաբաղով է մտնելու Մաքսային միություն: Ի՞նչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն:
-Ավելի ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանի արտահայտությունների հետ կապված դիմեք իր խոսնակին կամ իր կողմից լիազորված անձանց: Սերժ Սարգսյանի հայտարարությունները ոչ ցանկություն եւ ոչ էլ կոմպետենտություն ունեմ մեկնաբանելու: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա ԲՀԿ-ն ունի իր տեսակետները, դրանք արդեն հայտնի են: Հետեւաբար այն, ինչ տեղի է ունենում, եթե մեր տեսակետների հետ համադրելի է, ուրմեն մեզ համար ընդունելի է, եթե ոչ` ուրեմն ոչ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս