ԿԱՐԱԽԱՆՅԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարտին Սարգսյանը երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ: ՀՀԿ համամասնական ցուցակով Մարտին Սարգսյանին պետք է փոխարինի 116-րդ տեղը զբաղեցնող Նարինե Միրզոյանը: Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորի մանդատը կփոխանցվի նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Վազգեն Կարախանյանին:
ԱՆԳՈՐԾ ՉՄՆԱՑ
Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանին նշանակել են «Արդշինինվեստբանկ»-ի ֆինանսական տնօրեն: Հիշեցնենք, որ նա նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը, որից հեռացվեց Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո:
ՎԻԼՆՅՈՒՍԸ ՈՒԺԻ ՄԵՋ Է
«Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերանայումն այնպիսի գործընթաց չէ, որը հնարավոր լիներ սկսել այսօր եւ ավարտել վաղը»,-ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, երեկ «ԵՄ կողմից ֆինանսավորվող Հայաստանում ժողովրդարական կառավարման աջակցություն» ծրագրի շրջանակում: Ըստ նրա՝ այդ գործընթացը նախեւառաջ ընդգրկում է ՀՀ իշխանություններին, հայ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ինչպես նաեւ ԵՄ կառույցներն ու ԵՄ 28 երկրներից յուրաքանչյուրին: «Եվ, հաշվի առնելով երկրներից յուրաքանչյուրում ներքին քննարկումները, կարելի է հասկանալ, որ սա շատ ժամանակ պահանջող գործընթաց է: Վերանայումն ու քննարկումները ընթացքի մեջ են, սա կշարունակվի որոշ ժամանակ, եւ հենց որ արդյունքներն ունենանք, արդեն կքննարկենք՝ ինչպես իրագործել վիլնյուսյան փաթեթի միջոցառումները», – նշել է Տրայան Հրիսթեան՝ ընդգծելով, որ դա արագ չի կատարվի, քանի որ համագործակցության լայն շրջանակ է ներառում:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՈՐԾԻՔ Է
Աստանայից հետո ձեւավորված ներքաղաքական իրավիճակի հետ կապված «Ժառանգություն» կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը ԵՏՄ-ում հիմք է տալիս կարծելու, որ Հայաստանն այդ միությունում դիտվում է ոչ թե որպես իրավահավասար գործընկեր, այլ որպես գործիք՝ Ադրբեջանի վրա ներգործելու համար: Իսկ այս դեպքում Ադրբեջանին վճարվող գինը դիտվում է Արցախը: Փաստորեն, այս միության մեջ դեռ Ադրբեջանի բացակայության պայմաններում վերջինի շահերն արդեն ավելի բարձր են դասվում Հայաստանի շահերից»: