ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այն, ինչ ընթերցվեց Ղազախստանի նախագահի կողմից, ուղղված էր Ադրբեջանի նախագահին, միայն ու միայն Ադրբեջանին եւ ամենեւին ոչ Հայաստանին»։

 

Արտակ Դավթյան 7or.am

ՀՀԿ-ն երեւի շատ ճիշտ պահի խոսեց ուղեղային ու վերլուծական կենտրոններ բացելու անհրաժեշտության մասին, որովհետեւ, կարծես թե, «հանճարեղ» վերլուծաբանների բավականին հզոր ու լուրջ պոտենցիալ ունի, նաեւ՝ ի դեմս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի, ով հավատարմորեն պահում է գալուստսահակյանական դպրոցի ավանդույթները: Նազարբաեւի ելույթը բոլորս էլ հիշում ենք, տեսանյութն էլ համացանցում հասանելի է, կարող ենք նորից նայել եւ պարզ տեսնել, որ Ղազախստանի նախագահի խոսքն ուղղված էր հենց կոնկրետ Սերժ Սարգսյանին: Նայելուց հետո մեկ անգամ էլ կարելի է նայել համոզվելու համար:

 

«Այս տարի հարկերի (ՀՆԱ) ցուցանիշի աճը, որ ունեցանք անցած տարի, չենք ունենալու: Երկրորդ կիսամյակի տնտեսական ճյուղերի աճը հարկերի վրա թողնում է իր ազդեցությունը միայն հաջորդ տարվա առաջին կիսամյակում»:

Արմեն Ալավերդյան 168.am

Մեր պաշտոնյաներին իսկապես որ կարելի է պրոֆեսիոնալ համարել, սակայն ոչ թե իրենց բուն գործունեության համար,այլ իրենց ապաշնորհությունը եւ ձախողումները քողարկելու, դրանց համար մշտապես արդարացումներ գտնելու եւ իրենց անմեղ ներկայացնելու հարցում: Թե որքանով է դա համոզիչ ստացվում, այլ հարց է, սակայն փաստ է, որ նրանք դրա համար ջանք չեն խնայում, ճարտար լեզու են կիրառում, համեմված անհրաժեշտ տերմինաբանությամբ: Ֆինանսների փոխնախարարն էլ հիանալի արդարացնող է, նույնիսկ տնտեսական ամենախայտառակ անկումներին էլ կարող է «համոզիչ» բացատրություններ տալ:

 
«Շատ ուրախ եմ, որ հեքիաթն իրականություն է դառնում: Նման հանդիպումները ցույց են տալիս, որ բոլոր խնդիրներն էլ լուծելի են, որ դպրոցը գրեթե պատրաստ է: Պետք է հավատալ սեփական երազանքին»:

Ռուբեն Վարդանյան «Մեդիամաքս»

Ռուսաստանցի հայազգի մեծահարուստ գործարարի համար իրականություն դարձած հեիքաթը Դիլիջանում բացված UWC քոլեջն է, որը հնարավորություն կտա, որ Հայաստան գան նաեւ երեխաներ Չիլիից, Եթովպիայից, Հարավային Աֆրիկայից, Կանադայից, Մալազիայից, Չինաստանից եւ շատ այլ երկրներից: Իհարկե, հաճելի միջոցառում է, բայց մի՞թե Հայաստանում այլ լուծելի խնդիրներ չկան: Մի՞թե իշխանասեր մեծահարուստ գործարարի երազանքները սահմանափակվում են միայն օտարերկրացի երեխաների՝ Հայաստան այցեր կազմակերպելով, իսկ իր հայրենակիցների բարեկեցությունն այդ երազանքներում տեղ չունի:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս