ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ` ՏԱՎՈՒՇՈՒՄ

Հունիսի 3-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստը վարում էր նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանը: Օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր մարզում կատարվող գյուղատնտեսական աշխատանքներին: Մարզխորհրդի նիստին ներկա էր նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով նախ հանդես եկավ ելույթով, ապա պատասխանեց ներկաների հարցերին: «Բերդավան» պտղաբուծական կոոպերատիվի նախագահ Վարդան Զուրաբյանն ասաց, որ Տավուշի մարզում սահմանային կրակոցների վտանգի տակ աճեցվող խաղողը Արարատյան դաշտի խաղողի համեմատ կիլոգրամը 5 դրամով պակաս գնով է մթերվում: Զուրաբյանն ասաց, որ տավուշցու վրա դա հոգեբանական վատ ազդեցություն է ունենում: Նա նաեւ նշեց, որ 1991թվականին Բերդավանում 160 հա խաղողի այգի է սեփականաշնորհվել, մինչդեռ հիմա գյուղում կա ընդամենը 80 հա խաղողի այգի: Ի պատասխան` գյուղնախարարը նշեց, որ Արարատյան դաշտավայրում ձմռան շեմին խաղողի վազերը թաղում են, գարնանը՝ հանում, եւ այդ աշխատանքները խաղողի ինքնարժեքի 21 տոկոսն են կազմում: Իսկ ահա Տավուշի մարզում խաղողի վազերը չեն թաղում: Ս. Կարապետյանն ասաց, որ Արարատյան դաշտում խաղողի շաքարայնությունն ավելի բարձր է, նաեւ նշելով, որ վերջին տարիներին հանրապետությունում խաղողի ընդունման գինը տարեկան 5 դրամով աճել է: Վարդան Զուրաբյանն էլ իր հերթին նշեց, որ Տավուշի մարզում խոնավ է եւ Արարատյան դաշտի համեմատ բուժանյութերի սրսկումները երկու անգամ ավելի են արվում, ինչը հավելյալ ծախս է:
Նիստին մասնակցող Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանն, անդրադառնալով կաթի մթերման խնդիրներին, հայտարարեց, որ դեռեւս 2006թ. Նավուրում կաթ արտադրողների սպառողական կոոպերատիվ է ստեղծվել, որը 2 տարի կաթ մթերելուց հետո` գների նվազեցման պատճառով դադարեցրել է մթերումը: Նիգոյանի վկայությամբ՝ ժողովրդին նորից համոզել են կաթ մթերել, սակայն կաթ մթերողները վաղվանից սահմանված 150 դրամից 10-15 դրամով նվազեցնելու են մթերման գինը: Նախարարը հայտնեց, որ իրենք կաշխատեն կաթ մթերողների հետ, որպեսզի մթերման գինը չիջեցնեն:
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ գյուղնախարարության ծրագրերը շրջանցում են Ներքին Կարմիրաղբյուրը, որտեղ գյուղատնտեսական տեխնիկա չկա: Իսկ Այգեհովտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը հայտարարեց, որ սահմանամերձ համայնքը չի օգտվում ոռոգման ջրի վարձի` օրենքով սահմանված կիսով չափ զեղչից:
Ընդհանուր առմամբ, բոլորն էլ նշեցին, որ մարզի համայնքներում սուր է գյուղտեխնիկայի, հատկապես հացահատիկահավաք կոմբայնների խնդիրը: Գյուղնախարարն ընդունեց, որ կոմբայնների մեծ մասը հին է, մաշված, իսկ մասնավոր անձինք չեն կարողանում 80 հազար դոլար արժողությամբ կոմբայն գնել: Նա խոստացավ, որ մի քանի մարզերում կստեղծվեն սպասարկման կետեր, որտեղ կլինեն կոմբայններ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս