ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՇԻՐԱԿ»-Ը ՆՈՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՈՒՆԻ

Գյումրու «Շիրակ»-ը համալրել է կազմը: Գյումրեցներին է միացել 18-ամյա հայազգի ֆուտբոլիստ Անդրեյ Գամալյանը, ով փորձաշրջան կանցնի «Շիրակ»-ի կազմում: Գամալյանը համարվում է «Կրասնոդար»-ի սան: Նա 12 տարեկանից հանդես է գալիս այդ ակումբում: Բացի երիտասարդական թիմում խաղալուց՝ Գամալյանը մի քանի հանդիպում անցկացրել է նաեւ «Կրասնոդար»-ի առաջին թիմի հետ: Անդրեյ Գամալյանը խաղում է ինչպես աջ, այնպես էլ կենտրոնական պաշտպանի դիրքում: Երկշաբաթյա հանգստից հետո հունիսի 2-ին «Շիրակ»-ը վերսկսեց մարզումները Գյումրիում: «Շիրակ»-ի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ առաջիկա օրերին կլինեն մի շարք համալրումներ:

ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻՑ ԱՍՏՂԵՐՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ ԵՆ

Ֆուտբոլի արքա Պելեն կարծիք է հայտնել, որ բրազիլական ֆուտբոլից անհետացել են այն աստղերը, ովքեր նախկինում հիացնում էին իրենց երկրպագուներին վարպետությամբ: Նա այս առթիվ նշել է, որ թիմի երիտասարդ հարձակվող Նեյմարին պետք է պաշտպանել եւ շատ ուշադիր վերաբերվել: «Նախկինում կարող էի ասել, որ մեր հավաքականում կան Ռիվելինոն, Դիդին, Զիկոն, Ֆալկաոն, Վավան, ես եւ այլք: Իսկ այժմ շատ բարդ է կազմել աստղերի ցուցակը: Թիմերը հավասար ուժ ունեն ոչ այն պատճառով, որ ավելի բարձրակարգ են դարձել, այլ` հակառակը: Իսկ Նեյմարի ուսերին չի կարելի այդքան մեծ պատասխանատվություն դնել: Նրան պետք է պաշտպանել»,- ասել է Պելեն:

ՌԱՄՈՍԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ 7,5 ՄԼՆ ԵՎՐՈ

Մադրիդի «Ռեալ»-ը նոր պայմանագիր է պատրաստում թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի համար: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա իսպանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017թ., նա ստանում է տարեկան 5,5 մլն եվրո աշխատավարձ: «Արքայական ակումբ»-ը ցանկանում է եւս 2 տարով երկարաձգել համաձայնագրի ժամկետը, ինչպես նաեւ ավելացնել պաշտպանի աշխատավարձի չափը` հասցնելով 7,5 մլն եվրոյի: Սա նշանակում է, որ Ռամոսն ավելի շատ գումար կվաստակի Իկեր Կասիլյասից, ում հոնորարը 6 մլն եվրո է:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Սերխիոն Իսպանիայի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Ռեալ»-ի կազմում անցկացրել է 43 հանդիպում` դառնալով 7 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս